ԿարևորՀասարակություն

Սահմանը՝ համատեղ, սահմանային կետը՝ ինքնուրույն․ ՀՀ ԱԱԾ-ն` հայ-իրանական ու հայ-թուրքական սահմաններին

ԱԱԾ Սահմանապահ զորքերը զարգացել-կայացել են այնքան, որ կարող են ինքնուրույն զբաղվել սահմանի պահպանության գործով․ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսպես է մեկնաբանում Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանների պահպանման կարգում կատարվող փոփոխությունները։

Նախօրեին հայտարարվեց՝ 2025 թվականի հունվարի 1-ից պետական սահմանների պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Իշխանական պատգամավորը սա «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահ ծառայության դադարեցմանը հաջորդող քայլ է համարում։ Հիշեցնենք՝ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում իրենց ծառայությունն ավարտեցին դրա մեկնարկից 32 տարի անց՝ այս տարվա հուլիսի 31-ին։

«Խոսքը բացարձակապես այն մասին չէ, թե լավ էին իրականացնում կամ վատ էին իրականացնում, դրա համար ենք փոխարինում։ Կարծում եմ, որ սա ՀՀ անկախության, սուվերենության, ինչու ոչ, թեև դա քաղաքական տերմին չի, բայց նաև ինքնավստահության դրսևորումներից մեկն է, և դրա մեջ որևէ կրիտիկական բան տեսնելու անհրաժեշտություն չկա։ Առավել ևս, որ դա բոլորովին չի նշանակում, որ ռուս սահմանապահ զորքերն ավարտում են իրենց ծառայությունը Հայաստանում։ Պարզապես, բոլորդ էլ գիտեք, որ ժամկետային ծառայության հավաքագրման ժամանակ մեր հայ ժամկետային զինծառայողները որոշ քվոտայով անցնում էին ծառայության Ռուսաստանի սահմանապահ զորքեր ու ծառայությունն իրականացնում էին ռուսական զորքերի կազմում։ Կարծում եմ այժմ արդեն նույն զինվորները իրենց ծառայությունը կիրականացնեն հայկական զորքերում»։

Որոշումը լավն է՝ կյանքի կոչելու բավարար ռեսուրսների առկայության դեպքում միայն՝ կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ընդահնրապես իդեալական կլինի, եթե մեր ինքնիշխանությունն այնքան ամրապնդված լինի և այնքան սուբյեկտություն ունենանք, որ մեր սահմաները պաշտպանենք ինքներս։ Բայց ես նույնիսկ չգիտեմ էլ՝ մենք այդքան մարդկային ռեսուրս ունե՞նք, որ այս պահին նման խնդիր կարողանանք լուծել, որովեհտև Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակը շատ ծանր է։ Նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանը մեծ դժվարությամբ ենք կարողանում ծածկել 44-օրյա պատերազմից հետո, և ես խիստ կասկածում եմ, որ այդ որոշումը անհրաժեշտ չափով կարող է կյանքի կոչվել։ Այլ խնդիր է անցակետի որոշումը, որը կարող է որովհետև ընդամենը մի սահմանային հսկիչ անցակետի մասին է խոսքը»։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նման խնդրի մասին մտածելու հիմքեր այս պահին դեռ չկան։ Ասում է՝ խոսքը ոչ թե փոխարինման, այլ համատեղ պաշտպանության մասին է։

«Փոխարինվում է միայն հայ-իրանական անցակետում՝ անձնագրային հատվածում, իսկ սահմանի պահպանության հարցում խոսքը ոչ թե փոխարինման մասին է (համենայն դեպս մինչև այս պահը հայտարարված տեղեկատվության համաձայն), այլ այն մասին, որ ԱԱԾ հայկական ստորաբաժանումները ևս կներգրավվեն էդ պահպանությանը։ Ընդ որում նկատենք՝ գոնե առ այս պահը խոսք չկա այն մասին, որ համամասնորեն կնվազի ռուս սահմանապահների, ռուսական ստորաբաժանումների մասնակցության չափը»։

Հայաստանի ինքնուրույնության մակարդակը որոշակիորեն կբարձրանա՝ կարծում է Բադալյանը։ Բայց որոշման մեջ առաջին հերթին աշխարհաքաղաքական այլ ուղերձներ է տեսնում։

«Հայ-իրանական սահմանի անցակետի վերաբերյալ որոշումը, որտեղ ռուս սահամանապահները դուրս են գալու և հայ սահամանպահներն են լինելու, նաև Իրանի հետ համաձայնեցված որոշում է, և այստեղ ես տեսնում եմ նաև որոշակի քաղաքական ժեստ Իրանին, որ փաստացի հայ-իրականան սահմանի այս հատվածը աշխարհաքաղաքական իմաստով հանձնվում է Իրանի վստահությանը։ Սա, իմ գնահատմամբ, վստահության ժեստ է, որ համաձայնեցնելով Երևանի հետ Ռուսաստանն անում է իրանական կողմին։ Սա կարող է պայմանավորված լինել ռուս-իրանական այն գործակցությամբ ու մտադրությունենրով, որ ունեն կողմերը․ պատրաստվում են ստորագրել ռազմավարական գործակցության մեծ համաձայանագիր»։

Ընդհանուր սահմանային ռեժիմի փոփոխությունը, ըստ քաղաքագետի՝ Հայաստանից մեսիջ է Արևմուտքին, Ռուսաստանից՝ Թուրքիային ու Ադրբեջանին։

Back to top button