Միջազգային

Ծագումով թուրք Լիբանանի քաղաքացիները էվակուացիայի են սպասում Բեյրութի նավահանգստում

Հոկտեմբերի 9-ին բազմաթիվ լիբանանցի թուրքեր հավաքվել են Բեյրութի նավահանգստում։

Նրանք վախենում են իրենց անվտանգության համար և սպասում են թուրքական նավատորմի նավերի ժամանմանը։

Իրադրության սրումը, տնտեսական դժվարությունները և պայմանների վատթարացումը լիբանանցի թուրքերին ստիպել են թողնել իրենց տները, ունեցվածքը և ծովի այն կողմում կայունություն և անվտանգություն փնտրել։

«Մենք թուրքական նավերին ենք սպասում՝ էվակուացվելու համար։ Այս իրավիճակին այլևս դիմանալ չի կարելի։ Ոչ ոք չգիտի, թե այս երկիրը (Լիբանանը) մեզ ուր է տանելու․․․ Այստեղ հաց չկա, Լիբանանում ապագա չկա»,- ասում է Իսսա Մալակը՝ լիբանանցի մի թուրք։

Լիբանանում Թուրքիայի դեսպան Ալի Բարիս Ուլուսոյը հաստատել է, որ երկու թուրքական նավ պիտի 2000 քաղաքացու տեղափոխեն դեպի Մերսին՝ Թուրքիա։ Այս գործողությունը իրականացվում է Թուրքիայի արտգործնախարարության կողմից։

Վերջինիս աղբյուրը հայտնել է, որ մոտ 2500 թուրք լիբանանցի էր դիմել Լիբանանից էվակուացվելու խնդրանքով, սակայն ստուգումներից պարզվել է, որ նավերը միայն 2000 մարդ կարող են տեղափոխել։

Թուրքական նավերը, որոնք մարդկանց են տեղափոխելու, նաև մարդասիրական օգնություն են հասցնելու Լիբանանին, ասվել է հոկտեմբերի ութին՝ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Back to top button