Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին Հայաստանում էր՝ ներկայացնելու իր «Բունկեր» վեպի հայերեն թարգմանությունը:
«Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի՝ կոռուպցիայի, բռնության և կեղտոտ քաղաքականության քաղաք:
24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը:
Թարգմանությունը վրացերենից իրականացրել է Անի Աստատուրյանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։
Գրքի շնորհանդես-քննարկմանը ներկա էր ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
«Սա հրաշալի հնարավորություն է երկու հարևան ժողովուրդների՝ հատկապես երիտասարդության մտածողությունը ճանաչել՝ հարաբերվելու ու համեմատվելու տեսանկյունից։ Վստահ եմ, որ եթե ոչ հիմա, ապա հետագայում այս վեպը շատ մեծ հետաքրքրության կարժանանա։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Անիին, ով կարողացավ հաղթահարել ոճի առումով բարդ լեզուն, և ահա ունենք այս հրաշալի արդյունքը։ Հուսով եմ, որ ոչ միայն միասին կրկին կաշխատենք, այլև հայ գրողների գործերը նույնպես նման ձևով վրացերեն լույս կտեսնեն Վրաստանում»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը։
Վրացի գրող Իվա Փեզուաշվիլին էլ ընդգծեց, որ շատ պատասխանատու կերպով է մոտեցել հատկապես պատմական իրադարձություններին։ Նա խոսեց գրքի ստեղծման մասին, ինչպես նաև հատուկ ընդգծեց՝ ուրախ է լինել Հայասատանում։ Հավելեց նաև, որ մեծացել է վրացական բակում, որտեղ խաղացել է հայերի հետ և երբեք չի զգացել ազգային տարբերությունները։ Հայերի հետ էլ մշտապես մեծ սիրով է շփվել ու համագործակցել։