Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պատասխանել այն հարցին, թե մինչև այս տարվա վերջ հնարավոր կլինի՞ համաձայնության գալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։
Հարցին, թե երբ կստորագրվի համաձայնագիրը, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. «Երբ մենք ամեն ինչի շուրջ պայմանավորվենք»։ Ճշտող հարցին, թե դա հնարավոր կլինի՞ մինչև տարեվերջ, նա ուսերն է թոթափել։
Փաշինյանն ասել է, որ համաձայնեցված պայմանավորվածությունների ծավալն արդեն բավական է հենց հիմա համաձայնագիր ստորագրելու համար։
Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել արդեն այս ամիս։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը»,– նշել է վարչապետը։
Նա շեշտել է, որ վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։
«Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
«Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է», – ասել է վարչապետը։