ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայաստան-ՆԱՏՕ գործակցության նոր շեշտադրումներ՝ առանց անդամակցության օրակարգի

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության խորացման, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերի քննարկումն ակտիվացել է՝ նկատում են փորձագետները։

Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է Մարկ Ռյուտեն՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին, որը դաշինքը ղեկավարում էր 2014 թվականից։ Վերջին երկու տարում Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, մասնավորապես Կոսովոյում տեղակայված խաղաղապահ առաքելությունում ավելի է մեծացել։

Նոյեմբերի 21-26-ը Կանադայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին կգործուղվի նաև Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու՝ արդեն վստահեցրել է Անդրանիկ Քոչարյանը։

Հայաստանը հայտարարել է, որ Երևանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ գործակցության խորացմամբ, միաժամանակ շեշտում է, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա։

Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը, սակայն, կարծում է, որ հայ ժողովրդի անվտանգային կարիքներին համահունչ է հենց ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Փորձագետը համոզված է, որ հարցը ռազմավարական նշանակության է։ Հակադարձելով տեսակետերին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, որպես անվտանգային համակարգ, չի կարող լիովին բավարարել Հայաստանի ակնկալիքները, միջազգայնագետը համոզմունք է հայտնում․

«Նման բան չկա։ ՆԱՏՕ-ն բացազատված է, և այստեղ հայ ժողովրդի կենսական շահերով չի պայմանավորված, այլ՝ իրենց շահերով է պայմանավորված։ Մենք խիստ կարևոր և առանցքային նշանակության տարածաշրջանում ենք ապրում, և այս առումով, ՀՀ-ն իր յուրօրինակությամբ, քաղաքակրթական առանձնահատկությամբ կարևորագույն դերակատար է համարվում հենց հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի կողմից»։

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ներդրումը Կոսովոյի ուժերում՝ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի գործընկեր դառնալու 30-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 5-ին գրել էր Հարավային հարևանության հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ում։

«Այս ժամանակահատվածում մենք կառուցել ենք փոխշահավետ գործընկերություն՝ ակտիվ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության միջոցով։ Ողջունում ենք հատկապես Հայաստանի երկարամյա ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում (KFOR)»։

REUTERS

Հյուսիսատլանտյան դաշինքի նորանշանակ ղեկավարի օրոք Հայաստանն ակնկալում է գործընկերության ամրապնդում՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա՝ գրել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում՝ շնորհավորելով Մարկ Ռյուտեին։ Վերջինս Նիդերլանդների վարչապետն է եղել և բարեկամաբար է տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշում է միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը.

«Իր կառավարման տարիներին Նիդերլանդները թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական բավականաչափ աջակցություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը, նաև սատարել են մեր օրհասական իրողություններում իրենց դիրքորոշմամբ։ Հիմա Ռուտեն գլխավոր քարտուղարի կարգավիճակով իր համոզմունքները, բնականաբար, չի կարող փոխել։ Առավել ևս, որ Հյուսիսատլանտյան անվտանգության դաշինքի կազմակերպությունը հակված է բոլոր այս տարածաշրջաններում, նաև Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում են նրանք շահագրգռված ներկա լինելու և որպես տարածաշրջանի առաջամարտիկ պետություն Հյուսիսատլանտյան անվտանգային դաշինքի ներկայացված է լինելու Ֆրանսիայի դեմքով տարածաշրջանում»։

Սիմոնյանը մանիպուլյատիվ է համարում հայտարարությունները, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեր տարածաշրջանում առաջնայնություն ունեցողը Թուրքիան է։ Դա այդպես չէ՝ շեշտում է միջազգայնագետը՝ պարզաբանելով՝ Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգում առաջամարտիկը Ֆրանսիան է։

«Կարծում եմ, որ խոստումնալից հեռանկարներ են բացված, եթե Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն վարի, իսկ ես դա չեմ նկատում Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համատեքստում։ Նրանք ռեգիոնալիստական ​​քաղաքականություն են իրականացնում, բայց եթե հավասարարժեք քաղաքականություն վարվեր, միանշանակ կարող ենք ասել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները միտում ունեն և հնարավորություն ունեն նաև, պահպանվում է այսօր այդ հնարավորությունը, շատ ավելի հեռու գնալու և շատ ավելի մեծ համագործակցային դաշտ բացելու»։   

Հոկտեմբերի 2-5-ը ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակն էր այցելել Հայաստան, հանդիպումներ ունեցել հայկական զինվորականների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկվել են ռազմական գործակցության խորացման, պաշտպանական բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության հարցեր։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև ընդգծել են պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը Հայաստանի հետ​։ Շատ խոստումնալից հեռանկարներ են բացվել մեզ համար՝ կարծում է միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը.

«Պետք է հաշվի առնենք, որ նախկին անվտանգային համակարգն այլևս գոյություն չունի, և դա գոյություն չուներ վաղուց։ Առերևույթ մենք բոլորս մեր մաշկի վրա զգացինք 2020 թվականին և դրան հաջորդող իրադարձությունների համատեքստում։ Հիմա կարող ենք ասել, որ Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի գերակայության հաստատումը տարբեր տարածաշրջաններում, դա խոստումնալից, հեռանկարային և այսօր արդեն իրողություն հանդիսացող հանգամանքներ են»։

Փորձագետը նկատում է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն անցած 30 տարիներին միշտ էլ սերտ են եղել։ Այդ ընթացքում կառույցի բոլոր գլխավոր քարտուղարներն էլ շատ լավ են տրամադրված եղել Հայաստանի նկատմամբ։ Օրինակ, կառույցի նախկին գլխավոր քարտուղարներից Անդերս Ֆոգրասմուսենն այցելեց Բերձորի միջանցք, արձանագրեց Արցախի տոտալ շրջափակումն ու զեկույց ներկայացրեց, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում՝ հիշեցնում է Գուրգեն Սիմոնյանը։ Նա կարևորում է Հյուսիսատլանտյան անվտանգային դաշտի՝ Արևմտյան պետությունների կողմնորոշումը մեր տարածաշրջանի նկատմամբ։

Վերջին անգամ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություն անցկացրին անցած սեպտեմբերին՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։ Այդ զորավարժությունն անցկացվեց Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի համար։ Նպատակն էր աջակցել Հայաստանին՝ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի ստանդարտներին համապատասխանելուն՝ խթանելով պաշտպանության ոլորտում համագործակցությունը և բարելավել Հայաստանի ռազմական պատրաստվածությունը միջազգային գործողությունների համար։

Որոշ փորձագետներ այդ զորավարժությունը կարևորեցին՝ ընդգծելով նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդ պահի լարվածությունը։ Փորձագետները նկատեցին նաև, որ Հայաստանն այդ զորավարժությունը նախաձեռնել էր՝ միաժամանակ ցույց տալով իր բազմավեկտոր քաղաքականությունը և ամրապնդելով կապերը ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ։ Այն կարևորվեց նաև տարածաշրջանային անվտանգության առումով, քանի որ այդ գործողությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ երկարաձգվող հակասության պայմաններում։

Back to top button