Գևորգ Բարվեցյանը ծնվել է 2002 թվականին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Վեց տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի դաշնության Դոնի Ռոստով քաղաք, որտեղ էլ Գևորգը դպրոց գնաց ու այն ավարտեց 2019 թվականին։ Նույն թվականին վերադարձավ Հայաստան, որպեսզի ընդունվի Երևանի Հերացու անվան պետական բժկական համալսարան։ Ընդունվեց ու մեկ տարի անց զորակոչվեց բանակ։
Մատաղիսի զորամասում երկու ամիս էր հասցրել ծառայել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Որպես բուժակ ծառայություն է իրականացրել առաջնագծի տարբեր հատվածներում, ականատես եղել սարսափելի տեսարանների: Այն, ինչ Գևորգը երբեք չի մոռանա պատերազմից, արդյո՞ք կապրենք , բուժա՛կ, վիրավոր զինվորների իրեն ուղղված հարցն ու կյանք աղերսող հայացքներն են։ Պատերազմի ամենածանր կորուստը մանկության ընկերոջ՝ Ալեն Մարգարյանի մահն էր, հայտնի՝ բոլորիս Ալենը։
Հոկտեմբերի մեկին Գևորգը վիրավորվել է Մարտակերտի մատույցներում, սակայն վիրավորումը թեթև էր ու Մատաղիսի զորամասում ծառայությունը գրեթե չի ընդհատվել։ Պատերազմից վեց ամիս անց Մատաղիսի զորամասը լուծարվեց ու տեղափոխվեց Ներքին Հորաթաղ, որտեղից էլ Գևորգը զորացրվեց 2022-ի օգոստոսի երեքին։
Պատերազմից հետո շարունակում է ուսումը ԵՊԲՀ-ում, զուգահեռ աշխատում է մասնավոր կլինիկայում։ Սակայն չի կարծում, որ պատերազմին մասնակցելով հայրենիքին իր պարտքն ամբողջությամբ մարել է, գիտակցում է, որ հայրենիքն արժեք է, որի համար պետք է վճարել անընդհատ, եթե պետք է՝ նաև կյանքի գնով։