Իլոն Մասկը մտադիր է Հայաստանում Starlink գործարկել
Երևանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձ է հղել ներկաներին՝ տեղեկացնելով Հայաստանում իր ապագա նախագծերի իրականացման մտադրության մասին:
Սպասվում էր, որ Մասկը հանդես կգա տեսաուղերձով, սակայն նրա ուղերձն ընթերցել է ամերիկահայ ձեռներեց Ռազմիկ Հովաղիմյանը` հայտնում է «Զարթոնք Մեդիա»-ն։
Իր ուղերձում Մասկն ասել է. «Բարև բոլորին, ցավում եմ, որ այս անգամ չեմ կարող հասնել Երևան, բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ կհաջողվի: Ոգևորված եմ Starlink-ը Հայաստան բերելու և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ որոշ հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու համար՝ տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ արհեստական բանականության զարգացում, որը կոտրում է մարդկային հասկացողության սահմանները»:
Մասկը հաստատել է, որ հույս ունի Հայաստանում շուտով գործարկել Starlink-ը, քայլ, որը զգալիորեն կբարելավի ինտերնետ կապը հեռավոր շրջաններում: Starlink-ից արբանյակային գերարագ ինտերնետ հասանելիությունը կարող է կապի ոլորտում հեղափոխություն մտցնել, հատկապես գյուղական շրջաններում՝ օգնելով հաղթահարել երկրում տեղեկատվական խզումը: