ԿարևորՄշակույթ

Վարչապետը Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի ուսանողներին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք»-ի արվեստի կլաստերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական​​ինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:   

Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է: «Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում, այլ նաև կրթական միջավայրի տեմպի փոփոխությանը:

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր: Այս համատեքստում, վարչապետը խոսել է նաև հանրային կրթության կարևորության, կրթությանը զուգահեռ հետազոտության անհրաժեշտության, առողջ ապրելակերպին նպաստող սպորտային ակտիվության ապահովման, մշակութային կենտրոնների ստեղծման և ընդհանրապես՝ մարդու զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման մասին, որոնք ներառված են «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգում:

Back to top button