Համայնքների միությունը ընտրական օրենսգրքի փոփոխություններ է առաջարկում
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների կարգավորման նպատակով Հայաստանի համայնքների միությունը գործադրին է ներկայացրել ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխությունների մի շարք առաջարկություններ: Միության նախագահ Էմին Երիցյանն այսօր լրագրողներին հավաստիցարել է, որ առաջարկվող բարեփոխումները բավականին կարևոր են և ամենեւին էլ տեխնիկական բնույթ չեն կրում։
Կառավարությանն ու խորհրդարանին ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ութ առաջարկ է ներկայացվել, ասում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ըստ նրա՝ առաջարկվող բարեփոխումները վերաբերվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացին։
Կազմակերպության ղեկավարը նշեց, որ ներկայացված առաջարկները միտված են տեղական ժողովրդավարության շարունակական զարգացմանը: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել ՏԻՄ ընտրությունների միասնական օր՝ հրաժարվելով ներկայումս կիրառվող «փնջային» ընտրությունների կարգից: Երիտասարդության ակտիվությունը կբարձրանա, եթե տեղական ընտրություններում կարողանան մասնակցել արդեն 16 տարին լրացած ընտրողները՝ ավելացնելով ընտրազանգվածը 150 հազար մարդով:
Կուսակցությունների պատասխանատվության բարձրացմանը կնպաստի 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու ընտրությունների անցկացումը համամասնական ընտրակարգով, որը, մասնավորապես, արդեն 2 անգամ կիրառվել է մայրաքաղաքում: Էմին Երիցյանը կարևորեց իշխանության իրական ապակենտրոցմանն ուղղված քաղաքականության շարունակությունը։
Միության նախագահը անդրադարձավ նաև համայնքի ղեկավարի ընտրություններում այլընտրանքի պարտադիր առկայության հարցին՝ ակնարկելով, որ այս պարագայում շատ հաճախ այդ պայմանը կրում է զուտ ձևական բնույթ։
Ինչքանով ընդունելի կլինեն այս առաջարկները՝ ցույց կտա ժամանակը: Ամենայն հավականությամբ՝ արդեն աշնանը Ազգային ժողով կներկայացվի ՏԻՄ ոլորտին վերաբերվող օրենսդրական փաթեթը։