Գերդաստաններ

«Վիլլա Արարատ»-ի նահապետը. «Գերդաստաններ»

Նա «Վիլլա Արարատ»-ի նահապետն է։ Կոստանդնուպոլսում, Բուլղարիայում, Իտալիայում իրականացրել է բազմաթիվ նախագծեր, ուսումնասիրել է Իտալիայի ռոմանական շրջանի ճարտարապետական հուշարձանները, Շիրակի տարածաշրջանի հուշարձանները և ամենակարևորը՝ հռչակավոր ճարտարապետ Սարգիս Պալյանը նրան է վստահել Պալյանների արխիվը, որը հետագայում նրա թոռը՝ ճարտարապետ Արմեն Կուրեղյանը, պիտի հանձներ Հայաստանի հանրապետությանը։

Կուրեղյանները բնիկ տրապիզոնցիներ էին։ Այստեղ գերդաստանի ավագները զբաղվում էին ծովային առևտրով։ Հովհաննես և Բրաբիոն Երեմյանների որդին՝ Լևոնը, կրթություն ստացավ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, որտեղ դասավանդում էր նաև հորեղբայրը՝ Վենետիկյան միաբանության աբբահայր Իգնատոս Կուրեղյանը։ 1888թ․-ին, վարժարանն  ավարտելուց հետո, Լևոնը սովորեց Հռոմի համալսարանի ճարտարապետական բաժնում, և հենց Լևոն Կուրեղյանից էլ սկսվեց գերդաստանի ճարտարապետական ճյուղը։ Ի դեպ, նա իր ծնողական՝ Երեմյան ազգանունը փոխել, դարձրել է Կուրեղյան, հավանաբար հետևելով հորեղբոր օինակին։ Ավարտելուց հետո նա աշխատում էր Պոլսում ՝ որպես ճարտարապետ նախագծող, նրա կերտած կառույցներին մինչ օրս պահպանվել է հայերենով գրված իր անուն ազգանունը։

1898թ․-ին ճարտարապետը մասնակցում է Վառնայի քաղաքային թատրոնի կառուցման միջազգային մրցույթին և հաղթող է ճանաչվում, իսկ հետո Պոլսում նախագծում և կառուցում է բազմաթիվ շենքեր, Իշխանաց կղզիներում շատ առանձնատներ, որոնք մինչ օրս կանգուն են և համարվում են կղզու անփոխարինելի գեղեցկությունը։

Տեսնելով Աբդուլ Համիդի կոտորածները՝ ճարտարապետը տարակուսում է՝ շարունակե՞լ ապրել Պոլսում, թե՞ ոչ։ «Զմյուռնիայի հրկիզումից հետո որոշեցի թողնել ճարտարապետի իմ մասնագիտությունը և դառնալ հողագործ», – ասել է նա իր հիշողություններում։

Հետագայում Լևոն Կուրեղյանը որոշում է ստանձնել մի կարևոր առաքելություն՝ նվիրվել Հայկական հարցի լուծման պայքարին։

ԼևոՆ Կուրեղյանը փորձում է անցնել Եվրոպա, և մաքսատանը նրան սպասվում էր անակնկալ հանդիպում հանրահայտ ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ, որից հետո նրանց մեջև սկսվում է մասնագիտական համագործակցություն։

Այնուհետև Լևոնը մեկնում է Իտալիա։ Այգեշատ ու գեղատեսիլ Ազոլոյում նա իր նախագծով տուն է կառուցում՝ անվանելով այն «Վիլլա Արարատ», որտեղ մինչ օրս ապրում են նրա ճարտարապետ թոռները։

1921 թվականին դեպի Կոստանդնուպոլիս կարճատև ուղևորության ժամանակ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախության համար պայքարը ձախողված է և որոշում է վերջնականապես հաստատվել Ազոլոյում։

Լևոն Կուրեղյանի և Մարիամիկ Ազարյանի որդին՝ Հովհաննեսը, ծնվել էր Կոստանդնուպոլսում 1902 թվականին։ Նա նույնպես սովորեց Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան հայկական վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվեց Պադովայի համալսարանի ճարտարագիտական բաժինը՝ ստանալով հիդրոինժեների որակավորում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի կառավարությունը որոշում է ստեղծել պատերազմի հետևանքները վերացնող ճարտարապետական հանձնախմբեր ըստ տարածաշրջանների, որի նախագահ է ընտրվում Հովհաննես Կուրեղյանը։ Կատարելով հսկայական քաղաքաշինական աշխատանքներ՝ կառուցում է ալպիական շրջանների ոճով լեռնային տնակներ, հիդրոկայաններ, որոնց հենապատերին դնում է հսկայական, հեռվից տեսանելի հայկական տառեր։

Լևոն Կուրեղյանը նաև տաղանդավոր նկարիչ էր։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտի և ճարտարապետ Աշոտ-Հայկազուն Գրիգորյանի կողմից կազմված «Վիլլա Արարատի նահապետը․ Լևոն Կուրեղյան» գրքում  ճարտարապետական գրավոր և հետազոտական նյութերի հետ մեկտեղ ներկայացված են նրա ջրաներկ աշխատանքները, որտեղ ներառված է նաև Ազոլոյի գեղեցիկ բնաշխարհը։

Եթե հայրը՝ Լևոնը, մոդեռնիզմի և ռոկոկո ուղղությունների հետևորդ էր, ապա Հովհաննեսը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ճարտարապետական ուղղությունների հետևորդ էր։

Հովհաննեսը զբաղվում էր նաև լեռնագնացությամբ, բարձրացել է Ագներ լեռան՝ դեռևս չնվաճված գագաթը և 1930-ական թվականներին եղել Ալպյան ակումբի Ագորդոյի մասնաճյուղի նախագահը։

Հովհաննեսի որդին՝ Արմեն Կուրեղյանը, նույնպես, սովորել է Վենետիկի համալսարանում։ Նա եղել է իր սիրելի Ազոլոյի երկարամյա փոխքաղաքապետը, քաղաքի և շրջանի պատմաճարտարապետական և մշակութային հուշարձանների պահապանն ու վերականգնողը։ Նախագծել և իրականացրել է շենքեր, շինություններ, պաշտամունքային կառույցներ։

Բոլորովին վերջերս Վենետիկյան ճարտարապետական բիենալեի հայաստանյան ներկայացուցիչները հանդիպում են Արմեն Կուրեղյանին, և Արմենը նրանց տեղեկացնում է, որ Ստամբուլի հանրահայտ ճարտարապետների՝ Պալյանների արխիվն իր մոտ է։ Այսօր Արմեն Կուրեղյանի շնորհիվ Պալյանների արխիվը գտնվում է Հայաստանում։

Կուրեղյանների թողած հրաշալի կառույցները այսօր կարելի է տեսնել Պոլսում, Իտալիայում, Բուլղարիայում, և դրանց շարքում է, իհարկե, «Վիլլա Արարատ»-ը մրգառատ ու անտառապատ Ազոլոյում։

Կարդացեք նաև

Back to top button