ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փորձաքննությունները որոշիչ են եղել միջազգային ատյաններում Ադրբեջանի կեղծիքներին հակազդելու հարցում․ Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է

ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների աշխատանքը անկյունաքարային է ոչ միայն ներպետական դատական ու քննչական մարմինների, այլև միջազգային ատյանների համար։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանն ասում է՝ բազմիցս, երբ Ադրբեջանը միջազգային ատյաններում, օրինակ ՄԻԵԴ-ում, խեղաթյուրել է փաստերն ու ներկայացրել, օրինակ՝ ռազմական հանցագործությունների քննման կեղծ եզրակացություններ, հայ փորձագետները կարողացել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան փաստահեն փորձաքննություններով հակազդել․

«Սա այն մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, և պետք է նշեմ, որ բյուրոյի աշխատակիցների կողմից ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փոձաքննությունների միջոցով մենք հաջողությամբ կարողացել ենք դուրս բերել եղելությունը։ Այս փորձաքննությունները եղել են մրցունակ, դրանք միջազգային ատյաններում դեր են խաղացել և շարունակում են դեր խաղալ՝ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու համար»։

Թեև Փորձաքննությունների ազգային բյուրոն երիտասարդ է, ունենք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ու կայացած փորձագիտական ծառայություն։ Սա ոչ թե կարծիք, այլ վիճակագրությամբ ու թվերով հիմնավորված փաստ է՝ ասում է Սահակյանը․

«Մի փոքր ուսումնասիրելով վիճակագրությունը, պարզ է դառնում, որ բյուրոյի կողմից տրված եզրակացությունները շահագրգիռ կողմերը հազվադեպ են վիճարկում՝ արտերկրում գործող փորձագիտական ընկերություններին ապավինելու միջոցով, ինչը վկայում է նաև ձեր՝ մեր հասարակության իրավապահ համակարգում և միջազգային դատական ատյաններում ձևավորված բարձր վստահության մասին»։ 

Սիրանուշ Սահակյանը

Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն ընդգծում է՝ փորձաքննությունները միջազգային հարթակներում կարևոր են եղել ոչ միայն պետության իրավունքները պաշտպանելիս։

«Բյուրոյի կողմից տրված փորձագիտական հիմնավոր եզրակացությունները կարևոր դեր են ունեցել միջազգային իրավական գործընթացների օբյեկտիվ ընթացքի օժանդակության առումով՝ ինչպես մեր պետության, այնպես էլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ՄԻԵԴ-ի և այլ ատյաններում համապատասխան իրավական գործընթացների ապահովման տեսանկյունից»։ 

Փորձագիտական այս կառույցը հիմնադրվել է 2004-ին՝ հայ-ամերիկյան միջկառավարական 2001 թվականի համաձայնագրի շրջանակում։ Այժմ այն եվրոպական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ է, համագործակցում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական ու այլ երկրների համապատասխան կառույցների հետ։ Արգամ Հովսեփյանը կարևորում է հատկապես Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ աշխատանքը․

«ՀՀ-ի և ԱՄՆ կառավարությունների հատկացված միջոցների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի կազմակերպության կառավարման կողմերի բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ողջ  անձնակզմի ջանքերի շնորհիվ հաջողվեց ՀՀ-ում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիոնալ թիմով»։

Բյուրոն իրավապահ համակարգի ու գիտության միջև յուրօրինակ կամուրջ է։ Մի կողմից փորձագետները համագործակցում են իրավապահների հետ, մյուս կողմից՝ զարգացնում բժշկագիտական ուղղությունները, օրինակ՝ դատական բժշկությունը․

«Առանձնակի կարևորում եմ նաև ՀՀ-ի առողջապահական համակարգի մեր գործընկերների հետ նախորդ տարիներին ձևավորված արդյունավետ փոխգործակցությամբ անցած ուղին և հարուստ փորձը, որը մշտապես նպատակաուղղված է եղել բժշկագիտության տարբեր ճյուղերի, դատական բժշկության և բժշկական հարակից բնագավառների զարգացմանը, առողջապահական բնագավառի իրավական ապահովման օժանդակությանը, գործնականում առկա բացերի լրացմանը և արդյուքում բնակչության բժշկական օգնության սպասարկման որակի բարելավմանը»։

Արգամ Հովսեփյանը

Վերջին 5 տարիներին բյուրոն միայն քրեական վարույթների շրջանակներում 70 000-ից ավելի դատական փորձաքննություն է իրականացրել։ Ընդհանուր առմամբ իրականացվում են 28 տեսակի և 114 ենթատեսակի փորձաքննություններ․

Արգամ Հովսեփյան․«Բոլորովին վերջերս ընդունված ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանականերում ՀՀ դատախազության կողմից իրականացվող գործառույթների շրջանակում նշանակվող փորձաքննությունները, փորձաքննությունների պատվերների գրեթե ամբողջ ծավալը ծածկվում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատսխան հնարավորությունների շնորհիվ»։ 

Հիմնադրման 20-ամյակի առթիվ Փորձաքննությունների ազգային բյուրոն Երևանում միջազգային եռօրյա գիտաժողով է հրավիրել։ Հայաստան են ժամանել ոլորտում հարուստ փորձ ունեցող միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Գիտաժողովում քննարկվելու են ժամանակակից իրավական համակարգում դատափորձագիտական գործունեության դերի, նշանակության, դատափորձագիտական նոր ուղղությունների զարգացման հարցեր։

Back to top button