ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայտնաբերվել է Կապանի  արքայանիստ միջնաբերդը, որտեղից դարեր առաջ կառավարվել է քաղաքը

Մոտ մեկ ամիս առաջ մեկնարկած պեղումների արդյունքներն ի մի բերելով՝ հնագետները հայտարարում են՝  հայտնաբերվել է Կապանի  արքայանիստ միջնաբերդը, որտեղից դարեր առաջ կառավարվել է քաղաքը։ Պատմական Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաքն էր: Ուսումնասիրությունները դեռ  շարունակվում են, սակայն առաջին փուլի արդյունքները հուշում են, որ 9-10-րդ դարերում կառուցված շինությունը Կապանի թագավորության արքունական պալատն է։

«Կառույցը բազմասենյականոց համալիր է․ կամարակար մուտքերի անցուղին տանում է դեպի արքայական ընդունելության դահլիճ, դրանից դուրս արքայական ներքին պատն է»

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ազգային ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյանը  ներկայացնում է Սյունիքի մայրաքաղաք պատմական Կապան քաղաքի արքայանիստ միջնաբերդը։

Ըստ մասնագետների՝ սա ոչ թե 9-10-րդ դարերում կառուցված սովորական բազմասենյականոց կառույց է, այլ արքունական պալատ։ Պատմական հուշարձանի պարիսպները, օժանդակ կառույցների հետքերը հուշում են, որ  այդ տարածքում բազում կացարաններ են եղել, որոնք, ըստ ամենայնի, հին Կապան քաղաքի մաս են կազմել, իսկ միջնաբերդից հսկվել ու կառավարվել է քաղաքը։ Մոտ մեկ  ամիս առաջ սկսված  հնագիտական հետախուզական աշխատանքների առաջին փուլն ավարտվում է։ Աշխատանքները մեկնարկել են Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ՝ «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․

«Արդեն երկու տարի է՝ այստեղով անցնելիս միշտ մտածում էի, թե երբ պետք է սկսենք․ այս տարի նախնական ու մեկնարկային հնագիտական աշխատանքներ են իրականացվել համոզվելու համար, որ սա հենց այն է, ինչ ենթադրվում էր, նաև հուշարձանի ծավալները հասկանալու համար, ու հուսով եմ՝ չեմ սխալվում, մենք , իրոք, խոսում ենք միջնադարյան քաղաքի մասին»։

Կապանցիներին  11 դար  հետ  տանող ու պատմական քաղաք վերադարձնող հուշարձանը գտնվում է հին Ջրախոր գյուղի տարածքում։ Տարածքը մաքրվել է բուսածածկույթից, բացվել են որոշ հատվածներ, սակայն հնագիտական խոր շերտերի բացման, պատմամշակութային գիտական ուսումնասիրությունների, պեղումների մեծածավալ աշխատանքների հաջորդ փուլերը դեռ առջևում են։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊-ի հուշարձանների բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյան․

«Առաջին մեկ-երկու այցից հետո մենք հասկացանք, որ գործ ունենք միջնաբերդի հետ, գործ ունենք հասարակական նշանակության շենքի հետ, որը, բարեբախտաբար, նման բարձրությամբ մնացել է իր թաղակապի հատվածներով ու օժանդակ շինություններով, որոնք ծածկված էին բուսական խիտ ծածկույթով։ Երբ պեղումները սկսեցինք, պարզվեց՝ բարձր պարսպապատի վրա շինություն է»։ 

Միջնադարյան Կապանը  քիչ է հետազոտված է, ուսումնասիրությունները միշտ սահմանափկվել են Բաղաբերդի ամրոցով՝ ասում է պեղումներին մասնակցող Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։

«Իսկ արքունական պալատը, բուն քաղաքը դեռևս ուսումնասիրված չեն։ Եվ սա կարևոր է նախաձեռնություն է, ու մենք կիմանանք, թե ինչ տեսք է ունեցել  միջնադարյան Կապանը։ Առաջիկայում նախատեսում ենք թանգարանին կապել այս հուշարձանը, այցելուներին ներկայացնելով պատմությունը՝ բերել այստեղ ու ցույց տալ Կապան քաղաքի միջնաբերդը։

Բացի պատմամշակութային արժեքից՝ Սյունիքի մարզպետ  Ռոբերտ Ղուկասյանը պեղումների արդյունքները կարևորում է նաև զբոսաշրջության տեսանկյունից։

«Մենք արդեն մտածում ենք այս հուշարձանի ապագայի մասին՝ թե՛ գիտական, թե՛ տնտեսական առումով։ Հուշարձանի ապագան որոշելու համար հանդիպումներ կունենանք և արդեն հաջորդ տարվա համար աշխատանք կծրագրենք։ Կապանի համար կունենանք  զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի ուղղություն, որը յուրահատուկ կլինի այս տարածքին»։

Ի դեպ, հոգևոր կառույցներով հայտնի Սյունիքում հազարից ավելի տարի հնությամբ պահպանված աշխարհիկ այլ կառույց չկա։

Կարդացեք նաև

Back to top button