Նախարարը զորակոչի ընթացքից գոհ է, թեեւ կան կոռուպցիոն ռիկսեր
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է Կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի վիճակահանությանը, զրուցել նորակոչիկների և նրանց ծնողների հետ: Ծանոթանալով զորակոչի ընթացքին` նախարարն իր գոհունակությունն է հայտնել ու նշել, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներն էապես փոխվել են, վերջին տարիներին ընդգրկվել են լավագույն բժիշկ մասնագետները, ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատողները, վերահսկիչ վարչության ներկայացուցիչները: Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև ոլորտի թերություններին, որոնցից մեկը կոռուպցիոն ռիսկերն են:
Նորակոչիկ Արա Հարությունյանը ամառային զորակոչի վիճակահանությունից չօգտվեց: Զորամասի ընտրությունը նրա փոխարեն կատարեց հայրը` Թելման Հարությունյանը, ով նախարար Օհանյանին խնդրեց որդուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ եղբոր մոտ:
Կենտրոնական հավաքակայանն այսօր բազմամարդ էր: Բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին ճանապարհում էին զորամասեր: Ցանկությունը մեկն էր՝ խաղաղ ծառայություն, բարի վերադարձ: Ամառային զորակոչի վիճակահանությանը մասնակցում էր նաև պաշտպանության նախարարը: Մինչ վիճակահանությունը` նա ծանոթազավ նաև նորակոչիկների բուժզննման արդյունքներին ու զրուցեց տղաների հետ:
Ընդհանուր առմամբ` նախարարը զորակոչի ընթացքից գոհ է: Կարծում է, որ վերջին տարիներին հատկապես նախազորակոչային տարիքում թե կցագրման և թե բուժզննման աշխատանքները առավել բարձր հիմքերի վրա են դրված:
Նախարարը չթաքցրեց, որ կան նաև թերություններ և ոլորտը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նրա տեղեկացմամբ` վերջին մի քանի օրվա ընթացքում զինկոմիսարիատներից և բժշկական համակարգերից ձերբակալվել են մարդիկ, որոնք փորձել են առողջական ապօրինի եզրակացություններ կամ տարկետումներ տալ:
Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև դիրքերում վերջին օրերի լարվածությանն ու ԼՂ 17 տարեկան քաղաքացու սպանությանը: Նախնական վարկածի համաձայն՝ սպասնությունը գործել է դիվերսիոն խմբի անդամը, ով կպատժվի օրենքի ողջ խստությամբ, հավաստիացրեց պաշտպանության նախարարը: