ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վճռական գործողություններ ու պատշաճ միջազգային աջակցություն արցախցիների իրավունքներին․ նվազագույն ակնկալիքը Կոնգրեսի լսումներից

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի  մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի ունեցած լսումները, որոնք վերաբերել են Արցախի անկումից ի վեր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, տևել են մեկուկես ժամից ավելի։ Թեև դրանք բաց են եղել ցանկացած մասնակցության համար, բայց Ադրբեջանը շտապել է կոնգրեսականներին մեղադրել միակողմանի դիրքորոշման մեջ։ Ելույթ ունեցած կոնգրեսականները պնդել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է ավելի վճռական լիներ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները պաշտպանելու հարցում, առավել ևս, որ հայկական կողմը հստակ ձևակերպել է առաջարկությունների փաթեթը։  

Արցախի 9-ամսյա շրջափակումն ու Ադրբեջանի ռազմական հարձակումը ցեղասպանական է որակել կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը։ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների Թիմ Լանթոսի անվան հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ կոնգրեսականը դժգոհել է նաև Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունից․

«Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվողներ լինեն, քրեական հետապնդումներ լինեն, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանում։ Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, և այս հարցը մենք պետք է առաջ տանենք, որպեսզի պատասխանատվության կանչենք այս հանցագործությունները կատարածներին, նրանց թվում՝ անձամբ Ալիևին։ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է հստակ դատապարտի մարդու իրավունքների նմանօրինակ խախտումները՝ անկախ նրանից ովքեր են իշխանության՝ դեմոկրատները, թե հանրապետականները։ Շատ եմ ցավում, որ Միացյալ Նահանգները չառարկեց COP29-ը Բաքվում անցկացնելու Ադրբեջանի հայտին»։

Հայկական խումբը, որը օրեր շարունակ աշխատել է տարբեր կոնգրեսականների հետ, լիահույս է, որ Կոնգրեսը որոշակի քայլեր կձեռնարկի ձևակերպված օրակարգի նպատակներին հասնելու համար։ Առաջնայինն այդ օրակարգում Ադրբեջանում պահվող գերիների վերադարձն է ու արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը։  

ԱՄՆ–ի վարչակազմից ներկայացուցիչներ լսումների ժամանակ չեն եղել, այն բաց է թողել նաև ադրբեջանական կողմը։ Թեև կազմակերպված լսումները բաց են եղել մասնակցության համար, բայց Ադրբեջանը շտապել է կոնգրեսականներին մեղադրել միակողմանի գործողություններ անելու մեջ։ Ադրբեջանական կողմը սրտնեղած է, քանի որ լսումներին անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից սեփական ժողովրդի իրավունքները ոտնահարելու փաստերին։

Լսումներին  վկայության ելույթի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը զգուշացրել է լռելու վտանգի մասին․

«Խաղաղություն հնարավոր չէ առանց հաշվետվողականության։ Եթե Ադրբեջանը հասկանա, որ պատերազմի միջոցով ավելիին կարող է հասնել, նա բացարձակապես խաղաղություն հաստատելու որևէ դրդապատճառ չի ունենա»։ 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ձևակերպել է առաջարկությունների հետևյալ փաթեթը․ ապահովել պատշաճ միջազգային աջակցություն Արցախից տեղահանվածների համար։ Ըստ նրա՝ Հայաստանի սահմանափակ ռեսուրսներից տրամադրվող աջակցությունը բավարար չէ տեղահանվածների կարիքները հասցեագրելու համար, այդ պատճառով էլ հազարավոր տեղահանվածներ ապրում են աղքատության մեջ՝ հանդիպելով սոցիալ–տնտեսական խնդիրների, այդ թվում՝ բնակարանային, արժանապատվության, աշխատանքի հետ կապված հարցերի։ Փաթեթի կետերից մեկով անհրաժեշտ է Ադրբեջանին թիրախավորող  պատժամիջոցներ գործադրել Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի և պատերազմական հանցագործուըթյունների համար։ Տարածաշրջանային խաղաղության համար Ադրբեջանի նկատմամբ անպատժելիությանը պետք է վերջ դրվի՝ հայտարարել է Ստեփանյանը։  

Կոնգրեսում կազմակերպված լսումների ամենաազդեցիկ հատվածը թերևս ադրբեջանական վայրագությունների ականատեսների վկայություններն էին։ Արցախից երեք, Հայաստանից մեկ քաղաքացի պատմել են այն բոլոր կտտանքների մասին ինչ անձամբ իրենց հետ է կատարվել։ Լսումների կազմակերպման ուղղությամբ աշխատող «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» –ի ներկայացուցիչների խոսքով՝ շատ պատմություններ կոնգրեսականների համար նոր էին և անակնկալ։ Անգամ մասնավոր զրույցներում տեսել են, թե ինչպես է պատմությունների ընթացքում փոխվում նրանց աչքերի արտահայտությունը։ Ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների մասին Վաշինգտոնում պատմել է Լալա Աբգարյանը։ Նրա քրոզը՝ զինծառայող Գայանե Աբգարյանի դին ադրբեջանցի զինծառայողները մասնատել էին 2022–ի սեպտեմբերի 13–ին՝ մի շարք ուղղություններով Հայաստանի վրա հարձակման ժամանակ։

Լսումներից ակնկալվող արդյունքը ձևակերպում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»–ի համահիմնադիր Միլենա Մաիլյանը․   

«Կոնգրեսական Սմիթը շատ խիստ ձևով ասաց, որ իրենք անընդհատ պահանջներ են ներկայացնելու, անուններ են հնչեցնելու, որպեսզի կարողանան ճնշումը պահել և, միգուցե, հասնենք եթե ոչ բոլոր, ապա գոնե մի քանի գերիների անհապաղ վերադարձի՝ առանց որևէ նախապայմանների։ Դա կարևոր հարցերից էր, ինչպես նաև բացի այս լսումներից հանդիպումներ եղան այլ կոնգրեսականների հետ անընդհատ որ ասվում է «right to return», այսինքն` արցախահայության վերադարձը դեպի իրենց հայրենական հողեր ապահովության երաշխիքով, անընդհատ քննարկվել է»։

Կոնգրեսականները կարևոր են համարում ճնշումը Ադրբեջանի վրա ուժեղացնել հատկապես մինչև նոյեմբեր՝ Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 կլիմայի հարցերով միջազգային համաժողովին ընդառաջ։ Լսումների ընթացքում հնչած փաստերով փորձելու են զեկույց հրապարակել։ Վաշինգտոնում գտնվող խումբը մինչև լսումները հանդիպել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով վճռական է տրամադրված իր երկկուսակցական նախագիծը իրականություն դարձնելու հարցում։ Նախագծով նա առաջարկում է բռնագրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցել՝ ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքով Արցախից բռնի տեղահանված հայերին փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։

Back to top button