Վարդենիս քաղաքում «Կամրջակ» կազմակերպության նախաձեռնությամբ հունիսից գործում է տարեցների զբաղվածության կենտրոն: Հիմնադիրը՝ հոլանդուհի Մարիա Գորիսը, դեռ 90-ականներից բարեգործական գործունություն է ծավալում մեր երկրում: 20 տարի առաջ հիմնված կազմակերպության ղեկավարն ազատ խոսում ու հասկանում է հայերեն, ամենաշատը հավանում է մեր ռելիեֆը, բնությունն ու կլիման, բարեկամացել է մարդկանց հետ:
Նրա խոսքերով, տեսնելով, որ հատկապես մարզային համայնքներում ու հեռավոր գյուղերում տարեց մարդիկ մենակ են մնում, զբաղմունք չունեն, որոշում են կայացրել Վարդենիսում ստեղծել տարեցների տուն:
Հին շենքը նորոգել են, կահավորել և հրավիրել թոշակի անցած մարդկանց քաղաքից և հարակից գյուղերից: Այստեղ նրանք սնվում են, խաղում, շփվում, պարում, նաև՝ լոգանք ընդունում:
«Հայաստանում, երբ մարդը մեծանում է, կյանքը շատ դժվար է դառնում: Թոշակով հնարավոր չէ դեղեր ու սնունդ առնել, կոմունալ վճարները մուծել, էլ ուր մնաց հագուստ ու կոշիկ, բայց չէ՞ որ այդ մարդիկ են կառուցել այդ երկիրը»,- իրավիճակը պարզ է անգամ արտասահմանցու համար:
84-ամյա տիկին Անիկ Թաթոսյանը հետևողականորեն երեք անգամ զանգել է, որ իրեն էլ ընդգրկեն զբաղվածության կենտրոնում, և այսօր ամենաակտիվ անդամներից է: Զավակները հեռու են և առանձին են ապրում, չի ուզում ծանրաբեռնել որևէ մեկին մինչև հիմա էլ աշխատում է՝ Վարդենիս քաղաքը մաքուր պահողներից մեկն է:
«Մեզ հետ շատ լավ են վարվում: Խաղում ենք, երգում ենք, պարում և ուրախանում: Ամեն օր սեղան են գցում, սիրուն, մաքուր ու ամեն ինչով: Տղայիս ասում եմ, որ ախր հարցն ուտելիքը չէ, այլ ընկերներ ձեռք բերելը, շփում ունենալը»,- անկեղծանում է նա:
Տիկին Անիկը բոլորովին հրավիրում է իր տուն, խնդիր չի տեսնում եթե անգամ առանց զգուշացնելու այցելեն: Ըստ նրա՝ Վարդենիսի սառը ջուրը, համեղ կարտոֆիլն ու իր բաց ու հյուրընկալ սիրտը լիովին բավարար են, որ ցանկացած հյուր գոհ վերադառնա: Վարդենիսի տարեցների կենտրոնն այնքան հաճելի ու պետքական վայր է դարձել, որ քաղաքային իշխանությունը խոստացել է հոգալ ծախսերն ու ապահովել ծրագրի շարունակականությունը: