ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատունակ քաղաքացին պետք է աշխատի․ փոխվում է նպաստի համակարգը

Անապահովության գնահատման նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն, եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի համար, ապա դա կդիտարկվի որպես աշխատանք փնտրելու հայտ, և նրան կառաջարկվի աշխատանք: Եթե աշխատանքի առաջարկը մերժվի, ապա դա կդիտարկվի որպես նպաստի մերժման հիմք:

Անապահովության գնահատման նոր համակարգ, որով գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ։ Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ փոփոխությունները ժամանակի հրամայականն էին․

 «Նոր համակարգով նախապայման է լինելու աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացումը։ Նպաստը նշանակվելու է որոշակի ժամանակով, մինչև քաղաքացիները տնտեսապես ինքնաբավ ու ակտիվ կդառնան ու իրենք ի վիճակի կլինեն հոգալ իրենց կարիքները» ։

Սահմանվում է, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամուտը ցածր է անապահովության սահմանային շեմից։ Այսինքն՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքից ցածր արդեն գործ ունենք ծայրահեղ աղքատության երևույթի հետ, նախագիծը կառավարության նիստում ներկայացնելիս ասել էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը․

 «Այսպիսով՝ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս կլինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»։

2024թ․ երկրորդ եռամսյակում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն պարենային զամբյուղի ամսական արժեքը մեկ շնչի հաշվով մոտ 33 հազար դրամ է։ Օրական սպառումը ենթադրում է մոտ 400 գրամ հաց, 50 գրամ միս, ավելի քան 100 գրամ միրգ, 200 գրամ բանջարեղեն։ Որպեսզի աշխատունակ անձը ավելի շատ սպառի, ու ոչ միայն հաց, պետք է աշխատի։

ՄՍԾ–ում վստահեցնում են՝ տարածքային կենտրոններում օգնում են, որ տնտեսապես ակտիվանան աշխատունակ ու չաշխատող անձինք աշխատանք ունենան․

 «Երբ քաղաքացին մոտենում է մեր տարածքային կենտրոն անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմում ներկայացնելու համար, այդ պահին որպես աշխատանք փնտրող գրանցվելը դառնում է նպաստի համար դիմում ներկայացնելու նախապայման։ Քաղաքացին ներկայացնում է նաև աշխատանք փնտրողի դիմում։ Տարածքային կենտրոնների մասնագետները նաև զբաղվում են նրա տնտեսական ակտիվությամբ, կարիքների գնահատմամբ։ Այս ամենը տեղի է ունենում դեպքի վարման շրջանակում, ինչպես այժմ ցանկացած քաղաքացու հետ»։

Այս պահին նպաստը նշանակվում է որոշակի բնութագրիչների հիման վրա։ Այստեղ տնտեսապես ակտիվացումը նախապայման չէ՝ հստակեցնում է Անի Չիլինգարյանը․

 «Այս պահին մեր գործող համակարգում շատ են ներառման ու բացառման խնդիրները։ Ունենք ընտանիքներ, ովքեր պետք է լինեն համակարգում, բայց համակարգում չեն՝ պայմանավորված ինչ–ինչ տվյալների թերի լինելու կամ որոշ փաստաթղթերի հետ։ Կամ ընտանիքներ, որոնք չպետք է լինեն համակարգում՝ հաշվի առնելով նրանց եկամուտները։ Նոր համակարգի առավելությունը նաև այն է, որ այստեղ օնլայն ռեժիմով աշխատող համակարգ է լինելու։ Կան փոխգործելիության համակարգեր, որտեղից տվյալներ կստանանք, ամեն ինչ լինելու է այդ պահին ու թվային»։

Նոր համակարգով կսահմանվեն նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ: Կկիրառվի նպաստի դադարեցման սանկցիա այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից: Սանկցիա կկիրառվի նաև այն դեպքում, երբ ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի: Այս կերպ, ըստ ԱՍՀ նախարարի՝ հնարավոր կլինի զսպել անապահով ընտանիքի՝ անօթևան դառնալու ռիսկը: Անդրադառնալով նոր համակարգին՝ Հայաստանի վարչապետն ընդգծում է ՝

 «Մեր քաղաքականությունն է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է օգնի, որպեսզի նա հաց․․ . հումանիտար օգնություն պիտի տան: Սա աբսուրդ է, սա ապապետական մտածողություն է»։

 Աշխատունակ, բայց չաշխատող մարդկանց թիվը, պոտենցիալը, որ հնարավոր է ակտիվացնել, շուրջ 30 հազարն է՝ հաշվել են գերատեսչությունում։

 «Ես չեմ ուզում ասել, որ դա 100 տոկոս կլինի, որովհետև բոլորս էլ գիտենք, որ երբեք չի կարող կատարյալ լինել բնականաբար, միշտ էլ կլինեն բացեր ու խնդիրներ, բայց հնարավորինս ամեն ինչ արված է, թեստավորման փուլը ցույց է տվել, հուսադրել է մեզ, որ ներառման ու բացառման խնդիրը հնարավորինս կլուծվի»։

Մինչև 2021 թվականը՝ ՄՍԾ-ի ստեղծումը համակարգում 93 հազար անապահով ընտանիք էր ընդգրկված, հունիսի տվյալներով նրանց թիվը 63 500 հազար է: ՄՍԾ պետի առաջին տեղակալը ընդգծում է՝ նպաստառու ընտանիքների թվով առաջատարը Շիրակն է, երկրորդ տեղում ՝ Լոռին է։

Նախագիծը առաջին ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունել է։

Back to top button