ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Գալու է Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու ժամանակը․ Եղիշե Կիրակոսյան

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ ստիպված եղավ լքել սեփական բնակավայրը՝  այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ այդ տեղահանությունը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլ որակելով։  Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ Արցախի հայաթափումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում։

Սեպտեմբերի 19-ին հաջորդած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։ Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները։ Արցախի հայաթափման թեման քննարկվելու է նաև ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ։  

Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ լսվելու է ադրբեջանցիների վայրագություններից տուժածների ձայնը։ 4 քաղաքացի՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, որ գերիի կարգավիճակով պահվել են ադրբեջանական բանտերում իրենց տեսածն ու զգացածը կպատմեն Արցախի հայաթափումից ուղիղ մեկ տարի անց ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված «Մարդու իրավունքները Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի անկումից ի վեր» խորագրով լսումների ժամանակ։ Կալիֆորնիայի առաջին ատյանի դատարանի դատավոր, «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» – ի համահիմնադիր Կասյա Աբգարյանը իրադարձությունը խիստ կարևոր է համարում՝ նշելով, որ ունեն ապացույցներ, թե ինչ կտտանքների են ենթարկվել հայ գերիները Ադրբեջանի բանտերում։  

«Շատ կարևոր է, որ ոչ թե նրանց ներկայացուցիչները, ոչ թե իշխանությունները, ոչ թե ջատագովները կամ փաստաբանները, այլ հենց տուժածներն են խոսելու։ Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք, սա պետք է անենք շատ ակտիվ ձևով։ Այդ մարդկանց ձայնը պետք է լսելի դարձնենք։ Ադրբեջանի բանտերում պահվող մարդիկ միջազգային հանրության կողմից անտեսված չեն. պետք է բազմապատկել  ձայնի հնչողությունը։ Այնտեղ, որտեղ քաղաքականություն է ձևավորվում, օրենսդրություն է փոխվում, պետք է փոխվի, ձևավորվի ի շահ մեզ։ Պատանդների ազատ արձակումը քաղաքական հարց է, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ զուգահեռ խաղաղության կերտման այն գործընթացին, որ ՀՀ կառավարության կողմից մեկնարկել է»։  

Լսումների օրակարգում են էթնիկ հայերի համար շարունակվող ճգնաժամին, ռազմագերիների խնդրին և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցերը:

Արցախի հետ կապված տարաբնույթ հարցերի լուծումները հայկական կողմը որոնում է ոչ միայն քաղաքական, այլև իրավական հարթությունում։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հաստատում է, որ գալու է Ադրբեջանից  փոխհատուցման պահանջելու ժամանակը։

«Պատասխանատվության ձևերը կա՛մ պետք է լինի ռեստիտուցիա, այսինքն՝ իրավունքի վերականգնում, որը վերադարձի իրավունքն է այս դեպքում։ Կարող է լինել նաև ի հավելումն դրա փոխհատուցման տրամադրում։ Դա կարող է  կոմբինացվել թե՛ ռեստիտուցիայով, թե՛ փոխհատուցմամբ զուգահեռաբար։ Որովհետև իրավունքների խախտումների թվաքանակը չի վերաբերում միայն բռնի տեղահանմանը։ Մենք այնտեղ ունենք շատ տեսակի իրավունքների խախտումներ՝ կյանքի իրավունք, խոշտանգման արգելք, ազատությունից ապօրինի զրկում, տեղաշարժի ազատության սահմանափակում, կրոնի ազատության իրավունք և այլն։ Դրա համար փոխհատուցման տրամադրման պահանջը, բնականաբար, լինելու է  բոլոր դատական գործընթացներում՝ թե՛ Եվրոպական դատարանի մասին է խոսքը, և թե՛ Արդարադատության միջազգային դատարանի շրջանակներում քննվող գործի մասին է խոսքը։ Այդ երկու դատական մարմնում էլ գործերն այս պահին դեռ վաղ փուլում են քննության, բայց երբ արդեն հասնենք գործի ըստ էության քննության փուլին, բնականաբար, փոխհատուցման պահանջներ ձևակերպվելու են և այդ հաշվարկները արվելու են։ Դեռ այդ փուլին չենք հասել»։

Արդարադատության միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացրած պահանջները ներառում են նաև վերադարձի իրավունքի իրականացման պահանջ։ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում ընդունեց՝ սահմանելով վերադարձի իրավունքը։ Դրանում ասվում է, որ Ադրբեջանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ անվտանգ միջավայր ստեղծելու այն հայերի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ։

Միջազգային իրավունքի մասնագետը պարզաբանում է, որ իրավական առումով քաղաքացիություն ձեռք բերելը չի ​​խանգարում վերադարձի իրավունքին։ Ենթադրում է, որ քաղաքացիություն տալը կարող է բարձրացնել բռնի տեղահանվածներին տարբերակելու խնդիր, բայց այդ մարդկանց նույնականացնելը, ասում է՝ շատ հեշտ է, և անկախ քաղաքացիությունից՝ վերադարձի իրավունքը իրագործելի է։

Այս ամենից առանձին նախաձեռնությամբ հանդես են եկել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը։ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից մեկ տարի անց տուժածների անունից բողոք է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումասիրություն սկսելու պահանջով: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան են ներկայացնելու դիմումատուներին։

Փաստաբանների կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը որը ներկայացրած հայցի նպատակն է»: Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա:

Ըստ փաստաբանների՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

Միջազգային դատարաններ ուղարկված գործերի առանձնահատկությունը դրանց քննության երկար ժամկետն է։ Բայց դրանից պետք չէ հիասթափվել՝ ասում է Եղիշե Կիրակոսյանը՝ առանձնացնելով նաև դրական միտումները։

«Միջազգային դատարանները շատ էֆեկտիվ և լավ հաղորդակցության խողովակ են միջազգային հանրության հետ։ Որովհետև միջազգային դատարաններում մենք խոսում ենք միջազգային իրավունքի լեզվով և միջազգային իրավունքի լեզվով ապացույցների հիման վրա ներկայացնում ենք պահանջներ և մյուս կողմն էլ հնարավորություն ունի ներկայացնելու իր պահանջները, որը ևս կարևոր է կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից, որովհետև դա ձևավորում է «խաղի կանոններով» լի միջավայր, որը ավելի կանխատեսելի է դարձնում այդ գործընթացը երկուստեք։ Ադրբեջանը կարող է դատական գործընթացներից դուրս բարձրաձայնել տարբեր իրավունքներ, պահանջել տարբեր բաներ, բայց իրական դաշտում, երբ գալիս ես դատական գործընթացում իրական պրոցես սկսելու, այդտեղ արդեն ավելի բարդանում է, որովհետև պետք են ապացույցներ, պետք է իրավական հիմք, պետք է հստակ միջազգային իրավական հիմնավոր պահանջ։ Դրանք զտում ենանիմաստ և անհիմն պահանջները։ Քանի դատական գործընթացները ակտիվ են, դա նաև ստեղծում է անընդհատ որոշակի զսպաշապիկ ունենալու հնարավորություն»։

Սրան զուգահեռ Կոնգրեսում սկսվում է մեկ այլ գործընթաց ևս։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրենսդրական նախագիծ՝ Ադրբեջանի ֆինանսական ակտիվները բռնագրավելու և դրանք «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամին» փոխանցելու ուղղությմաբ։ Հիմնադրամը, ըստ կոնգրեսականի, պետք է ստեղծվի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքով Արցախից բռնի տեղահանված հայերին փոխհատուցումներ տրամադրելու նպատակով։

 

 

 

 

 

 

Back to top button