Հայաստանը կունենա կիբերլաբորատորիա՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունները և կիբերհանցագործությունները բացահայտելու համար
Հանրային քննարկման է դրվել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը։ Դրանով նախատեսվում է արդիականացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները և ստեղծել տեխնոլոգիական նոր գործիքներ։ Ըստ ոլորտի պատասխանատուների՝ վերջին ամիսներին իրավապահներն ավելի արդյունավետ են դարձել թմրամիջոցների ու թմրավաճառների հայտաբերման ուղղությամբ, հակառակ դրա՝ արտերկրից ներմուծվում են Հայաստանի համար ոչ ավանդական նոր ու ավելի վտանգավոր հոգեմետ նյութերի տեսակներ։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վերջերս երիտասարդացել է, տեղափոխվել համացանց ու դարձել հանրային անվտանգության ու առողջության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։ Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն ասում է՝ վերջին ամիսներին հատկապես մտահոգիչ են Հայաստան ներթափանցող կամ հենց այստեղ արտադրվող նոր ու ավելի վտանգավոր հոգեմետ նյութերը․
«Խոսքը գերազանցապես վերաբերվում է սինթետիկ հոգեխթանիչներին, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի վերջին զեկույցներով կարող ենք տեսնել, որ սինթետիկ հոգեխթանիչներ արտադրվել են նաև Աֆղանստանում, և դրանք բնականաբար իրացվում են հարևան երկրներում, իսկ մենք տարածաշրջանի երկիր ենք, մեր երկիր եթե Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով թափանցում են 2 տեսակի թմրամիջոցներ, հիմա սկսել է ներթափանցել մեթանֆետամին, դա հենց սինթետիկ հոգեխթանիչների ամենատարածված ներկայացուցիչն է մեր տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում»։
2024-ի հունվարի տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է 7772 անձ, նրանցից 7-ն անչափահաս են, 13-ը՝ 18 տարեկան, 180-ը կին։ Սա թրմրանյութ կամ հոգեմետ այլ նյութեր օգտագործողների միայն այն մասն է, որը հայտնվել է իրավապահ համակարգի ուշադրության կենտոնում կամ ինքնուրույն դիմել բժշկի։ Թե որքան է իրական թիվը, ոչ ոք չգիտի, ասում է Նազինյանը, փոխարենը հստակ է՝ վերջին սերնդի թմրանյութերը րոպեների ընթացքում ախտահարում են մարդու կենտրոնական նյարդային համակարգը․
«Խիստ վտանգավոր, շատ արագ կախվածություն առաջացնելու պոտենցիալով նյութեր են և նույնիսկ 1, 2, 3-անգամյա գործածումը մարդու հոգեկան ու ֆիզոլոգիական առողջությունը կործանում է, այդ նյութերի մեկանգամյա օգտագոծումից կարող է առաջանալ սուր գերդոզավորում՝ մահվան եքով»։
Նախորդ տարի Հայաստանում հայտնաբերվեց թմրամիջոցներ պատրաստելու լաբորատորիա, ինչը նշանակում է՝ արտերկրից ապօրինի ներմուծված միջոցների դեմ պայքարելուն զուգահեռ պետք է խելացի գործել նաև երկրի ներսում՝ ասում է Ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը։ Պայքարի հիմնական գործիքը, ըստ նրա, նախարարության մշակած նոր ռազմավարությունն է։
«Ըստ էության, մտահոգությունը բավականին մեծ է, հատկապես երբ նկատվում են տարածվածության տարրեր, և հենց էս կապակցությամբ ՆԳՆ-ի, պետական շահագրգիռ մյուս մարմինների համագործակցությամբ մշակվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության հակազդող ռազմավարւոթյուն»։
Ներքին գործերի նախարարության նույն վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանի խոսքով՝ նոր ռազմավարությունը նոր՝ համապարփակ վիճակագրություն հավաքելու հնարավորություն կտա, իրավապահ մարմինների աշխատանքն ավելի ադյունավետ կդարձնի։ Նախարարությունում արդեն ստեղծվել է առանձին վարչություն, որը զբաղվում է միայն համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարով։ Ռազմավարության ընդունման դեպքում՝ պետությունը կստեղծի կիբերլաբորատորիա, ինչն անկյունաքարային կլինի ոչ միայն թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում․
«Կիբերլաբորատորիայի ձեռքբերում է նախատեսվում ռազմավարության շրջանակում, որը ենթադրում է տեխնիկական միջոցների որոշ գործիքակազմի մշակում, միջազգային գործընկերների հետ ենք աշխատում, կիբերլաբորատորիայի ձեռքբերումն իրականում միայն թմրամիջոցների դեմ պայքարին չի նպաստի, այլ առհասրակ կիբերհանցագործությունների դեմ պայքարին»։
Եթե այժմ Արդարադատության նախարարությունը լուծում է ոլորտի իրավական խնդիրները, առողջապահական գերատեսչությունը՝ հանրային առողջապահական, ապա նոր ռազմավարությամբ ոլորտի բոլոր կողմերը կհավաքվեն նույն տեղում, նրանց կմիանա նաև անդրազգային հետաքննության բաղադրիչը։ Այս պահին, Արմեն Մկրտչյանի խոսքով, տարածաշրջանում չկա որևէ երկիր, որին թմրանյութերի տարանցումը շրջանցի․ Հայաստանը նույնպես բացառություն չէ․
«Այո, ունենում ենք դեպքեր, երբ ՀՀ-ով տարանցում են թմրամիջոցների որոշակի քանակ՝ ոչ միայն Հայաստանում սպառելու, այլև Հայաստանով անցնելու և ավելի մեծ շուկաներ տանելու և այնտեղ սպառելու համար»։
Ապօրինի թմրաշրջանառությունը նաև հանրային անվտանգության և հանրային առողջապահության համար է լուրջ մարտահրավեր․
Արմեն Մկրտչյան․«Եթե դիտարկում ենք, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծանում է, պետք է դիտարկել, որ դրան հաջորդելու են այլ հանցագործությունների աճը։ Թմրամիջոց օգտագործած անձն ունի որոշակի անադեկվատություն և վերջինիս կողմից հանցագործություն կատարելու հակավածությունը շատ ավելի բարձր է, քան չօգտագործած անձի մոտ։
Սուրեն Նազինյան․«Առաջնահերթ խոսքը վերաբերվում է կենտրոնական նյարդային համակրգին և գլխուղեղին, որի ախտահարման արդյունքում առաջանում է կախվածության համախտանիշ շատ արագ, հետագայում իհարկե սիրտ-անոթային համակարգն է ախտահարվում, նաև լյարդը և մարսողական համակարգը, լյարդը առաջիններից մեկն է տուժում նաև շնչառական համակարգը, կարելի է ասել՝ որևէ առողջ օրգան համակարգ մարդու մոտ չի մնում»։
Ռազմավարությամբ նաև նախանշվել են քրեակատարողական հիմնարկներում վտանգավոր նյութերի օգտագործման նվազեցման հատուկ մոտեցումները, վերասոցիալականացման ու վերաինտեգրման քայլերը։