Այսպես կոչված «միջանցքը» եղել և մնում է հայկական տարածք, և այստեղ կարելի է վերջակետ դնել. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր
Չեմ հիշում, թե էթնիկ զտումից հետո ինչ հայտարարություններ են եղել տարբեր կողմերից, սակայն, ինքս դատապարտել եմ Ադրբեջանի այդ գործողությունը և բազմիցս հանդես եմ եկել հայ բանտարկյալների ազատ արձակման օգտին ու գտնում եմ, որ դա պետք է րոպե առաջ տեղի ունենա։ Այս մասին գերմանիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ Նա երկօրյա այցով Հայաստանում է։ Ասուլիսում նա խոսել է նաև ԵՄ-ին Հայաստանի մերձեցան մասին, նշել, որ Գերմանիան աջակցում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններին և Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի բարելավմանը։
Հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախից, այսօրվա պատմության ամենամռայլ էջերից մեկն է՝ ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ Նա եվրոպացի այն քաղաքական գործիչներից է, որոնք Արցախում Ադրբեջանի կատարածը գնահատում են որպես հայերի բռնի տեղահանություն, էթնիկ զտում։ Անդրադառնալով արցախցիների վերադարձի մասին հարցին, Միխայել Ռոթը հավելում է.
«Որքան էլ ցավալի է ինձ համար, ես հնարավորություն չեմ տեսնում վերադարձի համար, և մենք չենք կարող մարդկանց հույսով անել, սպասեցնել, որ լավ կլինի, ինչը չենք կարող երաշխավորել»։
Ադրբեջանական կառավարությունն ասում է, որ բռնի տեղահանություն, էթնիկ զտում տեղի չի ունեցել, բայց մենք, իհարկե, բոլորս գիտենք, որ դա իրականությանը չի համապատասխանում՝ հավելեց Ռոթը։ Նա վստահեցրեց, որ դա իր համար մեծ սրտացավություն առաջացնող խնդիր է, ինչի մասին է վկայում այն, որ մեկ տարի առաջ է դեռ այցելել բռնի տեղահանվածներին, լսել նրանց պատմություննները։ Հիմա էլ աջակցում է փախստականների ինտեգրման և նրանց աջակցության ծրագրերին՝ թեման եզրափակեց Բունդեսթագի պատգամավորը։
Արձագանքելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին՝ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նախ ասաց, որ դա շատ կարևոր, զգայուն և էական կետ է խաղաղության բանակցությունների համար, ապա շեշտեց.
«Այսպես կոչված «միջանցքը» եղել և մնում է հայկական տարածք, և՝ այստեղ կարելի է վերջակետ դնել»։
Ռոթը հավելեց նաև, որ իրենց համար հստակ է հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է ինքնուրույն ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը՝ ապահովելով նաև ազատ տեղաշարժն այդ ճանապարհով։ Սակայն կարևոր է, որ այդ ճանապարհը մնում է հայկական սուվերեն տարածք և դրանով ամեն ինչ ասված է, թեման եզրափակեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հարցով հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի նախաձեռնած ստորագրահավաքի և ԵՄ-ին անդամակցության համար դրա ունենալիք հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ Միխայել Ռոթը նախ ասաց, որ Եվրոպայում իրենք բախվում են ռուսական կողմի տարատեսակ պրոպագանդայի, թե՝ ԵՄ-ն ստիպում է այս կամ այն երկրին էլ ավելի մերձենալ Եվրոպայի հետ ու հակադրվել Ռուսաստանին։ Ռոթը դա գնահատեց որպես էժան պրոպագանդա՝ ոչ այլ ինչ, ապա հավելեց։
«Ինքս շատ ուրախ կլինեմ, եթե Հայաստանը է՛լ ավելի մերձենա ԵՄ-ի հետ, բայց դա Հայաստանի ինքնուրույն, սուվերեն որոշումն է»։
Միխայել Ռոթը հասկանում է, որ ԵՄ-ից կան հստակ սպասելիքներ և ակնկալիքներ։ Նրա կարծիքով՝ պետք է այդ վստահությունն էլ ավելի ամրապնդել, այդ ամենը պետք է խոսքերից այն կողմ անցնի՝ ասաց։ Վստահեցրեց, որ ԵՄ-ում Գերմանիան հանդես է գալիս տնտեսապես և նաև անվտանգության քաղաքականության տեսանկյունից հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Հարցին, թե որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ իրեն մոտ թողնել Հայաստանին, Ռոթը պատասխանեց՝ ԵՄ-ում գերիշխում է այն տեսակետը, որ պետք է բացել հնարավորությունները Արևելյան Եվրոպայի երկրների համար, որոնց թվում են ոչ միայն Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, այլև Հայաստանը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Միխայիլ Ռոթն ասաց, որ չի կարող այնպիսի խոստումներ տալ, որոնք չի կարողանալու կատարել։ Սակայն, վիզաների ազատականացման գործընթացը բավականին բարդ գործընթաց է և այն վարում են ոչ թե ԵՄ անդամ պետությունները, այլ Եվրոպական հանձնաժողովը։
«Այս պահին մենք գտնվում ենք անցումային փուլում։ Հանձնաժողովը ձևավորման փուլում է, և ես սպասում ու ակնկալում եմ, որ Եվրոպական նոր հանձնաժողովը մեծ ներգրավվածությամբ, ինտենսիվորեն առաջ կտանի այդ գործընթացը, քանի որ վիզաների ազատականացումը նշանակում է ավելի շատ շփումներ, հանդիպումներ, փոխվստահություն և դա նաև ճանապարհ է տնտեսական զարգացման համար»,-եզրափակեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։