Ինչի՞ մասին է Երևանի նոր գլխավոր հատակագիծը
Երևանի ավագանին անցած շաբաթ հաստատեց մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը։ Ծավալուն այդ փաստաթուղթը մայրաքաղաքին ցնցումներ չի բերի՝ խոստանում են հատակագիծը մշակած կառույցից։ «Երևաննախագիծ» ընկերությունը շուրջ 8 ամիս աշխատել է հատակագծի վրա, որը Երևանի համար որոշ սահմանափակումներ է ամրագրում, ինչպես նաև նորություններ պարունակում։ Գլխավոր հատակագծով, օրինակ, Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է ստացել։ Սա նշանակում է, որ այստեղ այլևս կառուցապատում իրականացնել հնարավոր չի լինի։
Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի․ շուրջ 10 ամիս հատակագիծը մշակած «Երևաննախագիծ» ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է՝ փաստաթուղթը բովանդակային մեծ առաջարկություններ չի ներառում։
«Մասնավորապես, փորձել ենք դեռ մեծ ցնցումների չենթարկել, այսինքն՝ վերցրել ենք այն տեսլականները, որոնք նախորդում եղել են, մասնավորապես, արտադրական զոնաների հետ կապված, կառուցապատման թաղամասերի հետ կապված, ու դրանց նկատմամբ կատարել ենք ճշտումներ»։
Գլխավոր հատակագիծը քաղաքի ճարտարապետաշինարարական սահմանադրությունն է։ Զարգացման ռազմավարական ուղղություններից բացի, այն նաև սահմանում է մայրաքաղաքի հողերի նշանակությունը, թե օրինակ, քաղաքի ո՞ր հատվածում ինչ տեսակի կառուցապատում կարելի է կամ չի կարելի իրականացնել։ Այս փաստաթղթով է սահմանվում հողերի նշանակությունը՝ բնակելի, հասարակական կամ ընդհանուր օգտագործման։ Անդրանիկ Սեդոյանը բացատրում է՝ նոր գլխավոր հատակագծով առաջին հերթին փորձել են ճշտումներ անել, փաստացի առկա իրականությունը արտացոլել քարտեզների վրա։
«Օրինակ, բնակելի թաղամասում ընդհանուր տրամաբանության մեջ կա ինչ–որ կղզիաձև արտադրական հողամաս, այս տեսակ հողամասերը հնարավորին չափ դուրս են բերվել, այս հողամասերի նշանակությունը հիմնականում փոփոխվել է դեպի բնակավայր, որովհետև բնակելի գոտում ունենալ արտադրական նշանակության, դա առաջին հերթին անհարմարություն է բնակիչներին»,– բացատրում է Սեդոյանը։
Երևանի ավագանին անցած շաբաթ ընդունեց «Երևաննախագիծ» ընկերության մշակած փաստաթուղթը։ Դրանից առաջ 4 տարի մայրաքաղաքը, կարելի է ասել, ապրում էր ժամկետանց գլխավոր հատակագծով։ Մայր հատակագծի նախորդ տարբերակը 2005-ին էր ընդունվել 15 տարի ժամկետով։ 2020-ից հետո դրա գործածությունը պարբերաբար երկարաձգվում էր, սակայն այս տարի որոշում կայացվեց այլևս չերկարացնել ժամկետը ու նոր փաստաթուղթ մշակել։
Բացի այդ 2024թ հուլիսի 1-ից նաև սահմանափակում էր գործում․ քանի դեռ չկա գլխավոր հատակագիծ, արգելվում է նախագծման թույլտվություններ տրամադրել ու հողամասեր օտարել, այլ կերպ ասած ոչ ոք մայրաքաղաքում շինթույլտվություն ստանալ չէր կարող, քանի դեռ չկա գլխավոր հատակագիծ։
«Երևաննախագիծ» ընկերության ղեկավար Անդրանիկ Սեդոյանը բացատրում է՝ նոր փաստաթղթով լուծել են նաև այս խնդիրը։
«Այս փաստաթուղթը, բնականաբար, միտված է Երևանում ինչ–որ մի բանը լավը դարձնելուն կամ առնվազն չվնասելուն»։
Գլխավոր հատակագիծը ծավալուն փաստաթուղթ է, որը օրենքի պահանջով բաղկացած է երկու մասից՝ բացատրական– տեքստային ու գրաֆիկական մաս, որը ներառում է գծագրեր ու քարտեզներ։
«Մասնավորապես, քաղաքի փաստացի վիճակը, ըստ հողային հաշվեկշռի, ճանապարհափողոցային ցանց, փողոցային նշանակություններով, այգիների ցանկ, սեյսմիկ ռիսկերի վտանգների, վտանգավոր գոտիների վերաբերյալ գծագրեր են, գրունտային ջրերի վերաբերյալ գծագրեր են, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գծագրեր են, և այսպես շարունակ»,– ասում է Անդրանիկ Սեդոյանը։
Գլխավոր հատակագծից բխում են ավելի առարկայական գոտիավորման նախագծերը։ Սեդոյանը բացատրում է՝ այս փաստաթուղթը չի կարող, օրինակ, շինարարության սահմանափակումներ սահմանել, կամ տալ բոլոր հարցերի պատասխաները։ Թաղամասերի հարկայնություն, փողոցների լայնություն, ճանապարհային ցանցը կամ նոր շինարարությունների սահմանափակումները տեղ են գտնում արդեն գոտիավորման նախագծերում, որոնք առաջիկայում ևս կմշակվեն։
«Մեր հասարակությունը գլխավոր հատակագծի վերաբերյալ այն պատկերացումը, որն ունի, մասնավորապես, արդյո՞ք գլխավոր հատակագծով, օրինակ, հոտիոտն անցուդարձի բոլոր խնդիրները լուծվում են կամ արդյո՞ք հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ խնդիրները լուծվել են կամ արդյո՞ք նախատեսվել են հեծանվաուղիներ․․․ այս տեսակ խնդիրները գլխավոր հատակագծում ուղղակի տեղ գտնել չեն կարող, քանի որ այս փաստաթուղթը շատ մաշտաբային է»։
Նոր գլխավոր հատակագիծը նախորդից վստահաբար տարբերվում է ու նաև նորություններ ունի։ Այստեղ հստակեցվել են մայրաքաղաքի անտառային տարածքները, նոր կառուցված ճանապարհները ընդգրկվել են քարտեզներում։ Սեդոյանը կարևորում է նաև բակային տարածքների ամրագրումը։ Դրանք ստացել են ընդհանուր օգտագործման տարածքիի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ այդ տարածքներում այլևս կառուցապատել, օրինակ՝ ավտոտնակներ կառուցել չի կարելի։
«Հարմարավետության առումով փորձել ենք բարելավել կանաչ տարածքները, մասնավորապես, Հրազդանի կիրճին ենք շնորհել որպես հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ այլևս Հրազդանի կիրճում հնարավոր չի լինի իրականացնել որևիցե նոր հողազավթում, ինքնակամ կառույցների օրինականացում և այլն»,– մանրամասնում է «Երևաննախագիծ» ընկերության տնօրենը։
«Երևաննախագծում» վստահ են՝ չնայած աշխատանքների համար նախատեսված կարճ ժամանակահատվածին ու աշխատանքի ծավալին, կարողացել են մայրաքաղաքին հարմար գլխավոր հատակագիծ ստանալ, որը կօգնի առկա հրատապ խնդիրները լուծել։ Փաստաթղթի ընդունումը կարևոր բայց միայն առաջին քայլն են համարում, առաջիկայում ավելի մեծ գործ կա անելու՝ գոտիավորման նախագծեր, սահմանափակումներ ու գլխավոր հատակագծի թվայնացում։