ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերջին պատերազմի վերջին օրը

2023 թվական, սեպտեմբերի 19․ Արցախից  դուրս եկած քաղաքացիները չէին էլ մտածում, որ դա իրենց վերջին օրն է հայրենիքում։ Այսօր էլ՝ մեկ տարի անց հիշողությունները թարմ են։ Ոչ բոլորն են ցանկանում հիշել Ստեփանակերտում ապրած վերջին օրը։ Նրանց երազանքները նույնն են՝ վերադառնալ ու վստահ են՝ վերադառնալու են։

2023 թ․ սեպտեմբերի 19, 12․35 Մարտակերտի շրջանի Չափարի միջնակարգ դպրոցում դասերն ընդհանտվեցին։ Տնօրենը ժողով հրավիրեց ու կոլեկտիվին ասաց՝ տուն գնացեք՝ պատերազմից ու բռնի տեղահանումից ամիսներ հետո հիշում է դպրոցի քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի Ժակլինա Սարիբեկյանը։ Խուճապ չկար, բլոկադան միավորել էր բոլորինն՝ իրար հույս տալով, դպրոցից դուրս եկան, հասան տուն։

«Նստած սուրճ էինք խմում՝ մեր պատրաստած քաղցրով։ Սուրճ խմելիս սկսվեց պայթյունը։ Չէիք պատկերացնի՝ ինչ ձայներ էին։ Ամուսինս ասաց՝ իջեք նկուղ։ Այնպես չէ, որ մեր նկուղն ապահով էր։ Քարվաճառից ուղիղ մեր գյուղի վրա էին կրակում»։

Կապ չկար, որևէ մեկին գտնել հնարավոր չէր։ Գյուղում իրար ձայն տալով փորձեցին գտնել ընտանիքի անդամներին։ Տղամարդիկ դիրքեր բարձրացան։ Պայթյունները չէին դադարում․

«Կողքի գյուղից մեզ ասացին, որ թուրքերը առաջ են եկել ու պետք է մի ձև դուրս գանք։ Ես ինձ կորցրել էի, չնայած առաջին անգամ ը չէր։ Չգիտեի ինչ անեի, ինչ վերցնեի։ Կես ժամով դադարել էր պաթյունը։ Խմոր հունցեցի այդ ընթացքում, լավաշ թխեցի, որ ուղարկեմ դիրքեր»։

Երբ տանից դուրս եկան, չէին էլ մտածում, որ էլ հետ չեն գնալու։ Թխած լավածի մի մասը թողեցին, որ դիրքերից իջնեն ու ուտեն։ Դուրս գալիս արդեն իմացան՝ թշնամին գյուղում է։ Կանանց դուրս հանեցին գյուղից, պայթյունները չէին դադարում։

«Երկու մեքենա բակում, ոտքով եկան, հասան մեզ։ Հիմա չեմ էլ մտածում ՝ ինչ եմ թողել այնտեղ։ Կարևորը ընտանիքս կողքս է»։

Սեպտեմբերի 19–ի հիշողությունները թարմ են նաև Աննա Գասպարյանի մոտ։ Ստեփանակերտում էր, երբ պայթյունները սկսվեցին։ Գնաց գյուղ՝ ծնողների ու տատիկի մոտ։ Ստեփանակերտում վերջին անգամ այդ օրը եղավ․

 «25–ին դուրս եկանք, երկու օր ճանապարհ եկանք։ Դժվար էր ճանապարհը։ 24 ժամ ենք եկել մենք, մյուսները անգամ 40 ժամ են ճանապարհ գալիս։ Դժվար էր ոչ միայն սեպտեմբեր 19–ը, այլ պայթյունը, երբ հասկացանք , թե ինչ է կատարվում մեր հետ»։

Արցախում անցկացրած վերջին օրերն ու ամիսները Անի Ոսկանյանը լավ է հիշում, բայց դժվարանում է պատմել այդ օրերի մասին։ Անի Ոսկանյանն աշխատում էր Արցախի գիտական կենտրոնում: Փորձերի համար նյութեր էին ստացել հետազոտելու համար:

Հիշում է՝ ինչ դժվարությամբ ձեռք բերեցին փորձերի համար անհրաժեշտ նյութերը, որոնք այդպես էլ մնացին այնտեղ․

«Որոշ նյութեր ձեռք էինք բերել Կարմիր Խաչի օգնությամբ։ Պատերազմը սկսվեց , ու մենք տեղափոխվեցինք։ Հայաստան եկան հոկտեմբերի 1–ին։ Կարոտում է ամեն ինչն Արցախում։ Երբեք չէի մտածում, որ նման լուծում կլինի, մտածում էինք, որ մինչև 2025 թվականը ապահով ենք, քանի որ ռուսները այնտեղ են»։

Հիշողությունները թարմ են, խոսքերը դժվարությամբ են գալիս։ Ոչ բոլորն են ցանկանում հիշել Ստեփանակերտում ապրած վերջին օրը։ Նրանց երազանքները նույնն են՝ վերադառնալ, ու վստահ են՝ վերադառնալու են։

Back to top button