Արցախի դեմ ագրեսիայից մեկ տարի անց
Արցախի իննամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ հարձակում սկսեց՝ անվանելով այն «հակաահաբեկչական գործողություն» : Հարձակման նախօրեին Ադրբեջանական կողմը կեղծ հաղորդագրություն էր տարածել ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին:
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 մարդ անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: նրանց թվում են նաև Արցախի ղեկավարները:
Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտարարեց, որ ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով ականանետ, խախտել են հրադադարը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։
Ժամը 13:00- դրությամբ ՊՆ-ն արդեն հայտնեց շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման մասին: Կիրառվում էին նաև հրթիռահրետանային միջոցներ:
ժամը 13։ 40-ի դրությամբ Ստեփանակերտում օդային տագնապ հայտարարվեց։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործվում են հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ի առավոտյան։
Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ և ժամը 15։00-ի սահմաններում կրակն Արցախում դադարեց։
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիան անհնարին դարձրեց հայ բնակչության անվտանգ գոյությունը Արցախի Հանրապետության ողջ տարածքում։ Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնեց, որ Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է հնարավորություն և ժամը 14:00-ից Ստեփանակերտի 5 բենզալցակայանում նրանց կտրամադրվի անվճար վառելիք։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիների մեծ խցանումներ են առաջացել բենզալցակայանների մերձակա տարածքներում։
2023 թվականի սեպտեմբերի 25-ի 19։00-ի հատվածում Արցախից տելեգրամյան ալիքները հաղորդեցին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ էր, որ սանիտարական ավիացիան շատ շտապ վայրէջք կատարի Ստեփանակերտում:
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ:
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ավելի քան 115 000 հայ տեղափոխվեց Հայաստան: