Պատմության ամենաֆիզիկական կիբեռհարձակումը. ինչպես են փեյջերներում պայթուցիկներ տեղադրվել
Լիբանանում տեղի ունեցած պայթյուններից, ըստ վերջին տվյալների, զոհվել է 12 մարդ, կա մոտ 3 հազար վիրավոր: Լիբանանի առողջապահության նախարարի տվյալներով՝ նրանցից 200-ը ծանր վիճակում են, իսկ տուժածների վնասվածքները հիմնականում դեմքի, աչքերի, ձեռքերի, որովայնի հատվածներում են: Վիրավորների մեծ մասը «Հըզբոլահ» խմբավորման անդամներ են: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն ասել է, որ այս պահի դրությամբ հայ համայնքից որևէ տուժած չկա, որովհետև այդ շրջաններում ընդհանրապես հայեր չեն ապրում»:
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Լիբանանում միաժամանակյա պայթյուններ են տեղի ունեցել տարբեր վայրերում նույն եղանակով՝ փեյջերների միջոցով: Նշենք, որ «Հեզբոլլահ» խմբավորման անդամներն օգտագործում են այս սարքերը միմյանց հետ շփվելու համար, որպեսզի չտեղորոշվեն իսրայական ուժերի կողմից: Դրանց օգտագործումը մինչ սեպտեմբերի 17-ը համարվում էր անվտանգ բոլոր առումներով՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելուց մինչև գաղտնալսումներից խուսափում:
Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության աշխատակիցները, հասանելիություն են ստացել «Հեզբոլլահի» համար նախատեսված փեյջերներին և դրանց մեջ տեղադրել են 20 գրամ պայթուցիկներ: Փեյջերների խմաբաքանակը՝ 5 հազար հատ, Լիբանան է ներկրվել տարեսկզբին: Դրանք պայթել են, երբ մարտկոցները տաքացել են՝ հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակումների՝ իսրայելական հետախուզությունը սարքերը ձեռք է բերել նախքան դրանք «Հեզբոլլահին» հանձնելը և լիցքավորել պայթուցիկներով: ՙՆյութը շատ դժվար է հայտնաբերել, նույնիսկ մասնագիտական սարքի կամ սքաների օգտագործմամբ՝ պարզաբանել են արաբ մասնագետները։ Ստացված հաղորդագրությունները միաժամանակ ակտիվացրել են պայթուցիկները բոլոր սարքերում: Ըստ CNN-ի՝ շատ փեյջերներ եղել են լիբանացիների բնակարաններում, որոշներով խաղացել են երեխաները:
Թայվանը հերքում է իր մասնակցությունը
Լիբանանի անվտանգության ծառայության տվյալներով՝ փեյջերներն արտադրվել են թայվանական Gold Apollo ընկերության կողմից։ Սակայն ընկերությունը տեղեկությունը չի հաստատել: Դրա ղեկավար Հսու Չինգ-Կուանգը բացատրել է, որ արտադրությունն իրականացրել է Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերությունը, որն ունի թայվանական ապրանքանիշն օգտագործելու արտոնագիր:
«Ապրանքը մերը չէր: Դրա վրա միայն կար մեր ապրանքանիշը», -ասել է Կունագը:
Ո՞ւր են տանում հետքերը
Լրագրողները այցելել են Բուդապեշտում գտնվող BAC Consulting-ի շենք: Նշված հասցեում A4 թերթիկի վրա փակցված է եղել ընկերության անվանումը: Շենքում գտնվող մի անձ, որը խնդրել է չհրապարակել իր անունը, ասել է, որ ըկերությունը գրանցված է այդ հասցեում, բայց այդտեղ աշխատակիցներ չկան: Լիբանանի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը հայտնաբերել է փեյջերի մոդելի լուսանկարը՝ AP-924, որը, ինչպես մյուս փեյջերները, անլար կերպով ստանում և ցուցադրում է տեքստային հաղորդագրություններ, բայց չի կարողանում հեռախոսազանգեր կատարել:
Ըստ Լիբանանի առողջապահության նախարար Ֆիռաս Աբիդադի՝ տուժել է 4 հազար մարդ, 12-ը մահացել են: Վիրավորների թվում են Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին և դեսպանատան ևս երկու աշխատակից։ Փեյջերի պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև Դամասկոսում գտնվող «Հեզբոլլահի» անդամները: Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ մահացել է Լիբանանի խորհրդարանի «Հըզբոլլահի» անդամ Ալի Ամմարի որդին։ Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի կինն էլ սոցիալական ցանցում է գրել, որ ամուսնու վիճակը «կայուն» է։
Ինչպե՞ս են կառավարվել սարքերը
Փեյջեր պայթեցնելը դժվար է: Պետք է գտնել այն պահը, երբ ցանցում առնվազն մեկ փեյջեր հաղորդագրություն է ուղարկում: Այդ պահին սարքը բաց է, և դրա մեջ կարող է վիրուս ներմուծվել: Երբ վարակվում է մեկ փեյջեր, վարակվում է ամբողջ ցանցը: Այժմ, առնվազն մեկ փեյջերին հաղորդագրություն ուղարկելով, ակտիվացվում է այն և ցանցի բոլոր փեյջերները պայթում են:
Իսկ ահա սմարթֆոնի մարտկոցը հեռակա կարգով պայթեցնելը հեշտ է: Բավական է ավելացնել մի ծրագիր, որը կստիպի սմարթֆոնին կատարել բազմաթիվ առաջադրանքներ միաժամանակ, այսինքն՝ ծանրաբեռնել սարքը: Նույնը տեղի է ունենում նաև հեռախոսների պարագայում՝ երբ հեռախոսը ցանց է փնտրում, այն տաքանում է։
Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան ու Թեհրանն արձագանքել են, Թել Ավիվը՝ դեռ ոչ
Միացյալ Նահանգները Լիբանանում տեղի ունեցած փեյջերների պայթյունների հետ որևէ առնչություն չունի՝ Կահիրե կատարած այցի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Վաշինգտոնում այս գործողության մասին նախապես տեղյակ չեն եղել։ Այժմ ամերիկյան կառույցները զբաղված են տեղեկատվության հավաքմամբ», — նշել է Էնթոնի Բլինքենը և ասել՝ ԱՄՆ իշխանությունները համարում են, որ հակամարտող կողմերից որևէ մեկը չպետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին դատապարտել է Իսրայելի հարձակումը, հայտարարել, որ Իսրայելը պետք է պատասխան տա իր արածի համար: Ռուսաստանը համարում է, որ հարձակումը «հիբրիդային պատերազմ է՚:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «չափազանց մտահոգիչ էհամարում իրավիճակը», կարծում է, որ նման հարձակումները մեծացնում են տարածաշրջանում էսկալացիայի վտանգը ։
«Հեզբոլլահը» կատարվածի համար մեղադրել է Իսրայելին և խոստացել «անսպասելի արդար պատասխան տալ»: Իսրայելն առայժմ պաշտոնապես չի արձագանքել մեղադրանքներին։
Պատմության ամենաֆիզիկական կիբեռհարձակումը
Հայկական Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ Լիբանանում կատարվել է պատմության ամենաֆիզիկական կիբեռհարձակումը։ «Սարքերը ինքնապայթում են մարդկանց ձեռքերին։ Պայթող դիվայսները հատուկ փեյջերներ են, որոնք Հեզբոլլահն օգտագործում է որպես հատուկ ու պաշտպանված կապի միջոց։ Իսկ Իսրայելի կիբեռ-տեխնոլոգիականության մակարդակը ուղղակի հիացնում է։ Նման բան անելու համար դու մի 20 տարի պետք է առաջ լինես բոլորից, այդ թվում դիվայս արտադրողներից։ Ինչպես ֆիլմերում՝ ապագայից եկածը հարձակվում է ներկայի մարդկանց վրա», – գրել է Մարտիրոսյանը ։