ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չհաստատված դասագրքերից ավելի մտահոգիչ է հաստատվածների որակը. փորձագետ

ԿԳՄՍ նախարարության հայտարարած 66 անուն դասագրքի մրցույթի արդյունքում ներկայացված դասագրքերից 13 անուն գիրք չի մտել դպրոց: Այս տարի նոր դասագրքերի մրցույթներ էին հայտարարվել 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների համար, որոնց մրցույթներն անցած տարի չէին կայացել։ Քանի դեռ չկան նորերը, ուսուցումը կկատարվի հին դասագրքերով։ Դրանք հիմնականում օտար լեզուների և 10-րդ դասարանի քիմիայի ու կենսաբանության նոր դասագրքերն են։ Իսկ 7-րդ և 8-րդ դասարաններում թվային գրագիտություն, 10-րդ ում էլ պատմություն առարկան դասագիրք չունի։ Մասնագիտական շրջանակներում դժգոհությունները չեն մարում։ Հին գրքերը գրված են հին չափորոշիչներով և նորերին չեն համապատասխանում։ Մյուս առարկաների պարագայում խնդիրն ավելի բարդ է։ Բացի դասագիրք չլինելը խնդիր է նաև եղածի որակն ու բովանդակությունը, որոնց վերաբերյալ դժգոհությունները ևս քիչ չեն։

Թեև դասագրքերի մրցույթն անցյալ տարի համեմատաբար շուտ հայտարարվեց, և թվում էր, թե գոնե այս ուսումնական տարին առանց նոր դասագրքերի չի մեկնարկի, զարգացումներն այլ ընթացք ստացան։ Դարձյալ ոչ բոլոր առարկաներից նոր դասագրքեր մտան դպրոց։ Եթե նախորդ ուսումնական տարում դրանք 11-ին էին, այս տարի արդեն 13-ը։ Սա, իհարկե, մտահոգիչ է, բայց ոչ անսպասելի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Երբ մենք հայտարարում ենք, թե քանի անուն դասագրքի մրցույթ է հայտարարված և քանիսն են հաղթել, տեսնում ենք, որ 13 անուն դասագրքի դեպքում արդյունք չկա»։

Նախարարության համար այս դասագրքերի բացը խնդիր չէ։ Քանի դեռ չկան նորերը, դասապրոցեսը կընթանա հին դասագրքերով, ասում է նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Խոսքը հիմնականում վերաբերում է օտար լեզուներին, նաև 10-րդ դասարանի «Քիմիա» և «Կենսաբանության» դասագրքերին։ Այսինքն, այս մասով էլ խնդիր չունենք։ Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, և որտեղ ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով: Դրանցից 2-ը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարաններին. դա «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ իրականում աշխատանքի մեծ մասը պետք է լինի շատ ավելի պրակտիկ և գործնական միջավայրում, և այստեղ առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն ավելի շատ աջակցող է, քան առանցքային: 10-րդ դասարանում «Հայոց պատմությունը» դասավանդվելու է տարբեր նյութերի միջոցով»։

Մասնագիտական շրջանում այս մոտեցումը ոչ միանշանակ է ընդունվել։ Պատմության մասնագետները չեն հասկանում, թե ինչպես կարելի է պատմությունն առանց դասագրքի սովորել։ Փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է գործածել հին դասագրքերը, որոնք նոր չափորոշիչներին չեն համապատասխանում։

«Այստեղ, իհարկե, խնդիր կա, որովհետև հին գրքերը գրված են հին չափորոշիչներով, և նորերին չեն համապատասխանում։ Մյուս առարկաների պարագայում խնդիրն ավելի բարդ է։ 2-ը «Թվային գրագիտություն», մյուսը՝ «Հայոց պատմություն»։ Քանի որ այստեղ փոփոխությունները շատ մեծ են, հին դասագրքերով անհնար է աշխատել։ Դրա համար նախարարությունն առաջարկել է իր տրամադրած նյութերով աշխատել»։

Թե ինչու է պարբերաբար դասագրքերի խնդիր առաջանում, գերատեսչությունից «Ռադիոլուրին» պարզաբանեցին, որ որոշ դեպքերում մրցույթը չեն հաղթահարել, մյուսների դեպքում էլ ընդհանրապես չեն դիմել հեղինակները։

Եթե նախարարությունում կարծում են՝ գոնե վերջին մրցույթի համար ժամանակը բավականաչափ է եղել դասագիրք ներկայացնելու համար, ապա Սերոբ Խաչատրյանն այդ կարծիքին չէ։ Ժամանակը միևնույն է կարճ էր, ասում է։

«Բազմաթիվ մարդիկ լուրջ չեն համարում այդ ժամկետում դասագիրք գրելը և չեն մասնակցում։ Նաև բավական նվազել են հեղինակների հոնորարները։ Բայց կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը լինելու է տպագրված դասագրքերի որակը և բովանդակությունը»։

Ոչ պակաս խնդրահարույց է արդեն չափորոշիչներով երաշխավորված նոր դասագրքրերի բովանդակությունը, ինչի մասին ևս արդեն բազմիցս կարծքիներ են հնչել։

«Արդեն մասնագիտական շրջանակներում, ուսուցիչների մոտ էլ կարծիք կա, որ զգալի թվով դասագրքեր անորակ են։ Նյութերը քիչ են, հարցերը՝ շատ։ Այսինքն՝ երեխային բան չենք սովորեցնում, բայց իրենից պահանջում ենք շատ բան։ Ամեն դասագիրք մի ոճով է գրված։ Խնդիրները շատ են, և ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք ավելի խորքային կհասկանանք, թե որքան անհաջող է դասագրքերի զգալի մասը»։

Նման պարագայում որքան էլ մեղքը փորձեն գցել դասագրքերի հեղինակների վրա, փորձագետը կարծում է, որ նախ՝ հնարավորություններ պետք է ստեղծել, նոր միայն պահանջել։ Քանի դեռ դրանք չկան, դպրոցներում կլինեն առարկաներ, որոնք դասագիրք չեն ունենա և կլինեն դասագրքեր, որոնք դժգոհություններ կառաջացնեն։ Նախարարությունում ևս դա չեն բացառում, առավել ևս որ գործընթացը նոր է։ Խոստանում են տարեց տարի ավելի լավ արդյունք գրանցել, ուստի հաջորդ տարվա նոր չափորոշիչներով դասագրքերի համար մրցույթն արդեն հայտարարված է։

Back to top button