Գերդաստաններ

Մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանից մինչև մոդեռն կառույցներ ու բնակարաններ․ «Գերդաստաններ»

Ալբերտ  Զուրաբյանը վաստակաշատ ճարտարապետ է։ Եղել է Ճարտարապետների միության միջազգային ընկերակցության պատվավոր նախագահ։ Նա է համահեղինակը Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանի, մշակութային տարբեր կենտրոնների, հանրահայտ նկարիչ Վարոս Շահմուրադյանի և հանրահայտ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահարձանների և շատ հետաքրքիր բնակելի տների, իսկ որդին՝ Զոհրաբը, հաստատուն քայլերով անցնում է մոդեռն ճարտարապետության ճանապարհով։

Ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայեր Կարսից գաղթեցին Արևելյան Հայաստանի տարբեր տարածաշրջաններ։ Զուրաբյանները հաստատվեցին Երևանում։ Գերդաստանի ավագը՝ Նապոլեոնը, այստեղ զբաղվեց բժշկությամբ, իսկ  նրա որդին՝ Ալբերտը,  ընտրեց ճարտարապետությունը։

Ավարտելով պոլիտեխնիկական ինստիտուտը՝ Ալբերտն աշխատանքի անցավ ժամանակի շատ բանիմաց մի մասնագետի՝ Սպարտակ Կնտեղցյանի մոտ, որը նորավարտ մասնագետներին ոգեշնչելու ֆանտաստիկ ընդունակությամբ էր օժտված։

Այստեղ Ալբերտ Զուրաբյանը հմտացավ, ձեռք բերեց պատասխանատվության բարձր զգացում, որը լավ մասնագետ դառնալու գրավական է։

Զուրաբյանը, քանի որ սպորտի նկատմամբ հետաքրքրություն ուներ ու նաև լողորդ էր, մեծ ցանկություն ուներ նախագծել ջրային համալիր։

1970-ական թվականներին նա սկսեց նախագծել բարձրահարկ առանձնատներ Բջնիում, Առինջում, Օհանավանում, Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք  քաղաքներում։ Դրանք աչքի էին ընկնում ինքնատիպ ձեռագրով և մեծ հետաքրքրություն էին առաջացնում ճարտարապետական միջավայրերում։

1981 թվականին նախատեսվեց գծագրել Երևանի մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը։ Ալբերտ Զուրաբյանը դարձավ նախագծի համահեղինակ։ Սա ծանր, սակայն հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք էր։ Չնայած բոլոր տեսակի դժվարություններին, Մարշալ Բաղրամյան կայարանը կյանքի կոչվեց և այսօր ճարտարապետը հպարտությամբ է անցնում այստեղով, միևնույն ժամանակ նրա դիտակետից չեն վրիպում ճարտարապետության մերօրյա բացթողումներն ու անխնամ վերաբերմունքը։

Ճարտարապետի որդին՝  Զոհրաբը, սկսեց աշխատել ուսանողական նստարանից, վաղ տարիքից հասկացավ գծի, կտրվածքի և տարածության հասկացությունները։ Ասպիրանտուրան փայլուն ավարտելուց հետո  համոզվեց, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։ Սկզբում աշխատում էր  հոր արվեստանոցում, հետագայում նոր արվեստանոց բացեց։ Զոհրաբն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մոդեռնիստական ճարտարապետական արվեստի նկատմամաբ, դրանց բարդ նախագծերը երիտասարդ ճարտարապետի համար հասկանալի դարձան, և նա հանդես եկավ նոր մտահղացումներով։

Արգինա Կոչկոյանը՝ Զոհրաբի կինը, մասնագիտությամբ նույնպես ճարտարապետ է։  Գտնում է, որ Զոհրաբի աշխատանքներում առաջնայինը գաղափարն է և փորձում է պահպանել այն։ Չհարմարվելով պատվիրատուի կարծիքի հետ, նա կարողանում է վերջինիս գեղագիտական ճաշակը բարձրացնել և համոզիչ տեսակետներով իր կարծիքն ընդունելի դարձնել։ Նա չի կարող զիջել, քանի որ անընդհատ ձգտում է նորարարությունների, աշխատում է լինել էլ ավելի մոդեռն։

Զոհրաբը հաճախ է խորհուրդներ վերցնում հորից։ Օրինակ՝ հոր՝ ինտերիերից դեպի շենքային կառույց դուրս գալու գաղափարը նրա համար դարձավ առաջնային, որոշիչ և կարևոր դեր խաղաց նրա աշխատանքում։

Հայր և որդի Զուրաբյանները անցնում են նոր մտահղացումներով ու գաղափարներով լի ճանապարհ, գաղափարներն իրականություն են դառնում մեր քաղաքի տարբեր անկյուններում։

Back to top button