Սահմանում սեզոնային լարվածությունները դարձել են սովորական երևույթ
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Թե դիվերսիոն խմբերի ներթափանցումը Քարվաճառի տարածաշրջան, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծությունները աննախադեպ չեն, այլ կերպ ասած՝ հակառակորդը դրսևորում է սեզոնային սրացման ախտանիշներ: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ ադրբեջանական կողմը փորձում է շոշափել մեր դիրքերի ներուժը և դիմում է տարբեր միջոցների, մասնավորապես, դիվերսիոն խմբերի ներխուժումների։
Մինասյանը համոզված է, որ առկա գործընթացները չեն վկայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության աճի մասին: Նա ցավով արձանագրեց, որ սեզոնային լարվածությունները դարձել են սովորական երևույթ։ Այս գործընթացների շարունակականության պատասխանատուն Ադրբեջանն է, որը անզուսպ կերպով չի կարող մերվել ռազմաքաղաքական իրականության հետ։
Առկա լարվածությունը չի զարմացնում նաև քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին, ում կարծիքով առկա երևույթները կրում են մշտական բնույթ՝ թե հրետակոծությունների, թե հետախուզական գործողությունների առումներով։ «Չեմ կարծում, որ այստեղ առկա է ջերմաստիճանի որոշակի աճ: Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում որոշակի ռազմական գործողություններ, ինչը պայմանավորված է լինում շփման գծի վերահսկողության վիճակով: Այս առումով չէի ասի, որ կատարվածը գերզարմանալի է»,- ասում է Իսկանդարյանը։