Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ, ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից, Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ-ին Հայաստանն իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության, պետականության համար, ասել է վարչապետը։
ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության մասին խոսել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա ասել է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ :
«Ինչպես գիտեք, Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել նշված միջոցառումներին (ՀԱՊԿ զորավարժություններին — ՏԱՍՍ), այնուամենայնիվ, մենք դեռևս Հայաստանը համարում ենք իրավահավասար գործընկեր կազմակերպության ձևաչափում, պատրաստ ենք երկխոսության Երևանի գործընկերների հետ՝ հարցերի ողջ սպեկտրով»,- նշել է նա։