Զբոսաշրջության նոր օրենքով նաև տեղեկատվական անվտանգության խնդիր է լուծվում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում
2023-ի տարեվերջին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքը սկսել է գործել 2024 -ի սեպտեմբերից, ամբողջությամբ ուժի մեջ կմտնի հաջորդ տարի։ Գործող օրենքն ընդունվել էր 20 տարի առաջ։ Նոր օրենքով զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա, իսկ 2025 թ. հունվարի 1-ից կներդրվի որակավորման նոր համակարգ: Զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը կլինի պարտադիր, իսկ հյուրանոցային տնտեսություններինն ու տեղեկատվական կենտրոններինը՝ կամավոր։
«Զբոսաշրջության մասին» նոր օրենքը կներդրվի երեք փուլով։ Մենարկային կարգավորումներն ուժի մեջ են մտել սեպտեմբերին։ Առաջին փուլում գործարկվում է ծանուցման պահանջը։ Զբոսաշրջային օպերատորները և գործակալները, զբոսավարները, ուղեկցորդները և հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք իրենց գործունեության մասին պետք է տեղեկացնեն Զբոսաշրջության կոմիտեին։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյան․
«Այդ հատվածն ուժի մեջ կմտնի Կառավարության կողմից համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունելուց հետո։ Կարծում եմ՝ մյուս շաբաթվա ընթացքում կընդունվի։ Դրա համար ստեղծվել է հատուկ հարթակ՝ Tourism.egov.am-ը: Երբ կառավարության որոշումն ընդունվի, հարթակը կակտիվանա, ու ծառայություն մատուցող անձինք կկարողանան գործունեության մասին ծանուցել»։
Նոր օրենքով զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունները պետք է ոչ միայն հաշվառվեն, այլև ունենան գրասենյակ, գրանցված երկու աշխատակից և ապահովման ֆինանսական երաշխիք։ Վերջինը վերաբերում է արտագնա տուրիզմին։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ՝ թյուրըմբռնում կա, թե խոսքը ֆինանսական դեպոզիտի մասին է։ Ըստ այդմ՝ մտահոգություն է առաջացել, թե ինչպես է հաշվարկվելու դեպոզիտը, արդյոք այն ֆիքսված գումար է լինելու, թե գումարի չափը կախված է լինելու ընկերության գործունեության ծավալից։
«Հիմա մշակվում են կարգը, ֆինանսական երաշխիքի չափանիշը, պայմանները, տեսակները։ Ֆինասական երաշխիքը կարող է լինել ապահովագրության ձևով, բանկային երաշխիքի ձևով, դեպոզիտի ձևով, երաշխիքային ֆոնդ ստեղծելով։ Ֆեդերացիայի պնդմամբ՝ պետք է ունենանք առնվազն երեք այլընտրանք, չպետք է միայն մեկը լինի։ Այսինքն, չպետք է ասենք՝ պետք է ունենաք այսքան դեպոզիտ և վերջ»։
Անահիտ Մկրտչյան․ «Զբոսաշրջային օպերատորները, որոնք արտագնա ծառայություններ են մատուցում և արտագնա զբոսաշրջային գործակալները պետք է ծանուցման հետ միաժամանակ ներկայացնեն նաև իրենց երաշխիքը։ Բայց այս մասով օրենքը դեռևս ուժի մեջ չի մտել, ժամկետը երկարացվել է, քանի որ քննարկումները դեռևս չեն ավարտվել»։
Երկրորդ փուլով՝ 2025թ-ի հունվարից հետո, ուժի մեջ կմտնեն որակավորման պահանջները զբոսաշրջային ավտոբուսների, զբոսավարների, ուղեկցորդների համար, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար որակավորումը կլինի կամավոր։ Զբոսավարների որակավորումն անհրաժեշտ է պատմությունը պատշաճ ներկայացնելու համար։ Այսպիսով նաև տեղեկատվական անվտանգության խնդիր է լուծվում՝ ասում է Մկրտչյանը։
«Զբոսավարներ և ուղեկցորդների որակավորման, վերապատրաստման կարգի նախագիծն այս պահին մշակման փուլում է։ Դիտարկվում է կամ 3 տարին մեկ անգամ, կամ 5 տարին մեկ անգամ վերապատրաստման ծրագրի դասընթացը անցնելը ու որակավորվելու տարբերակները»։
Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ նոր օրենքով սահմանվել է, թե ինչ է զբոսաշրջային ուղևորափոխադրումը, ովքեր են այդ ծառայությունը մատուցողները և ինչ միջոցով դա պետք է անեն։ Այդպիսով կկանոնակարգվեն նաև հարկային հարաբերությունները։
«Գործող օրենքով հարկվում էին, բայց այլ ձևով։ Որպես հարցի ժամանակավոր լուծում զբոսաշրջային ուղևորափոխադրողները հարկում էին ներքաղաքային, միջմարզային, տրանսպորտային ծառայությունների շրջանակներում։ Կանոնավոր ուղևորափոխադրողների իրավունքների պաշտպանության հարց կար նաև, որովհետև ոչ կանոնավոր ուղևորափոխադրման անվան տակ անբարեխիղճ մրցակցություն կար։ Սա կկարգավորի նաև այդ խնդիրը։ Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող զբոսաշրջային ուղևորափոխադրումներն արդեն ունեն կարգավիճակ, և արդեն կարող ենք տարբերակել կանոնավոր ուղևորափոխադրումներից»։
Երրորդ փուլով՝ 2025-ի հունիսին, ուժի մեջ կմտնի զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների և տեղեկատվական կենտրոնների կամավոր որակավորման պահանջը։ Ուժի մեջ կմտնի նաև կյանքի և առողջության համար վտանգավոր զբոսաշրջային ծառայությունների չափանիշների մասին կարգը։
Սպասվող փոփոխությունների նպատակը հավասար մրցակցային դաշտի ձևավորումը, սպառողների շահերի պաշտպանությունը և որակյալ ծառայությունների մատուցումն է՝ ասում են մասնագետներն ու նշում, որ օրենսդրական փոփոխություններն անմիջապես չեն կարգավորի դաշտը, սակայն իրավիճակը բարելավելու հիմք կդառնան։