Հասարակություն

«Ուդուլի» տոլմայի չորրորդ ավանդական փառատոնը՝ վաղը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում վաղը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի չորրորդ ավանդական փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն այսօր խոսելով դրա անցկացման կարևորության մասին` նշել են, որ այն ոչ միայն նպաստում է ազգայինի պահպանմանը, այլև մարզերում զբոսաշրջության զարգացմանը : Այս տարվա փառատոնը նախորդներից կտարբերվի իր թեմատիկայով՝ այն կունենա «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը:

Տոլմայի փառատոնը հաշված ժամերից դարձյալ կհամախմբի մարզերի եւ մայրաքաղաքի խոհարարներին:Ուդուլի տոլմայի այս տարվա փառատոնը նախորդներից տարբերվելու է իր թեմատիկայով: «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագրով փառատոնը վեր կհանի Հայկական լեռնաշխարհի տարբեր մարզերում պատրաստված տոլմաների տեսակներն ու այդ ավանդական բաղադրատոմսերին կհաղորդի նոր համ ու հոտ: 30 տաղավարներում կներկայացվի տոլմայի ավելի քան 70 տեսականի, հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի շրջանակներում տարեց տարի ավելանում է թե մասնակիցների թիվը և թե աշխարհագրությունը, ինչը ևս փառատոնի նպատակներից մեկն է, նկատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը նաև մարզերում: Զբոսաշրջության վարչության պետը լավ է հիշում իր մասնակցությամբ առաջին փառատոնը: Տպավորությունները թարմ են մինչև այսօր:

Փառատոնը համեմված է լինելու նաև երգով, պարով: Նախատեսված է գլխավոր երեք անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Կլինեն նաև այլ անվանակարգեր և ամենակարևորը՝ արդեն երկրորդ տարին է, ինչ լինելու է ամենաերկար տոլմայի անվանակարգ, և կախված արդյունքից, հնարավոր է, դիմեն Գինեսի գրքում այն գրանցելու համար: Հիշեցնենք, որ անցյալ տարվա փառատոնին ամենաերկար տոլմայի երկարությունը 7 մետր 8 սմ էր:

Back to top button