ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վաշինգտոնը լավատես է, իսկ Բաքուն դարձյալ մերժում է Երևանի առաջարկը

Մինչ միջազգային խաղացողները COP-29-ին ընդառաջ «Խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում Ադրբեջանից գործնական քայլեր ու կառուցողականություն են ակնկալում, Բաքուն դարձյալ մերժում է հայկական կողմի առաջարկն ու նախապայմաններ առաջադրում։ Սրան զուգահեռ Վաշինգտոնը  հայտարարում է, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Փորձագետների կարծիքով՝ Բաքուն շահագրգռված չէ նման հանդիպմամբ, բայց նաև կաշկանդված է COP-29-ով։ 

Վաշինգտոնը կրկին պատրաստակամություն է հայտնում հանդիպում կազմակերպելու Երևանի ու Բաքվի միջև։ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը, մատնացույց անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ,  հստակեցնում է՝ Վաշինգտոնը միշտ էլ առիթներ է փնտրում Հայաստանի ու  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։  Ըստ Միլլերի՝  Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել «Խաղաղության համաձայնագրի» վերջնական ձևակերպման ուղղությամբ, և Վաշինգտոնը շարունակում  է աջակցել կողմերին։ Այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար է՝ ասել է Միլլերը։

Մինչդեռ Բաքուն շահագրգռված չէ արևմտյան հարթակներում բանակցելու հեռանկարով։  Ադրբեջանը նախորդ տարի հրաժարվեց և Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից,  և Բրյուսելի ու Գրանադայի բանակցություններից։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ Բաքուն որևէ հարթակում հանդիպում չի ցանկանում՝ նախընտրելով երկկողմ ձևաչափով բանակցությունները։  Սակայն  առջևում COP-29 համաժողովն է,  և հնարավոր է միջազգային հանրության առջև  քաղաքակիրթ երևալու համար Բաքուն ձևական  քայլ անի։

«Ակնհայտ է, որ COP-29-ը քարոզչական, տեղեկատվական նշանակություն ունի, և Բաքուն փորձելու է իրեն ներկայացնել որպես կոնստրուկտիվ պետություն և վարչակարգ ։ Այս իմաստով տեսականորեն հնարավոր եմ համարում նույնիսկ արտգործնախարարների մակարդակով հանդիպումը, բայց պրակտիկայում սա բարդությունների հետ է կապված՝ աշխարհաքաղաքական, նաև ռեգիոնալ իրավիճակով պայմանավորված։ Փորձելու է ցույց տալ, որ ինքը չի ձգձգում, չի հետաձգում  և իրապես շահագրգռված է խաղաղությամբ»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն ուշադրություն է հրավիրում ոչ թե հնարավոր հանդիպմանը, այլ Միլլերի՝ ավելի վաղ արած հայտարարություններին։

«Միլլերը ժամանակին ուղիղ տեքստով մեզ ասում էր, որ պատրաստ լինենք բարդ զիջումների ու ծանր որոշումների, այսօր կրկին խոսում է, որ հարթակ են տրամադրում և պատրաստ են առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ի վերջո լուծվի։ Մինչ օրս, սակայն,  դեռ հստակեցված չէ, թե այդ ինչ բարդ զիջումների ու ծանր որոշումների մասին է խոսքը»։

Մինչ Վաշինգտոնը լավատեսությունն է հայտնում,  Բաքուն դարձյալ մերժում է Երևանի առաջարկը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հաջիզադեն հայտարարել է, որ  Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է հայկական կողմը։

Փաստաթուղթը համաձայնեցված չէ, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն՝  նշել  է Հաջիզադեն։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ քաղաքագետ Արա Պողոսյանը եզրահանգում է՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը հարկավոր չէ Բաքվին։

« Խաղաղության պայմանագիր չկնքելը կամ հետաձգելը լրացուցիչ լծակ է Բաքվի ձեռքին»։

Փորձագետներն այս փուլում  իրատեսական չեն համարում ոչ միայն «Խաղաղության պայմանագրի» կնքումը, այլև ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նշում են, որ խնդիրը ոչ միայն Բաքվի ու Երևանի հակասություններն են, այլ նաև տարբեր երկրների՝  տարածաշրջանում խաչվող շահերը։  

Back to top button