ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աֆրիկյան պսակավոր կռունկը նոր կացարան ունի, Բունկան, սպիտակ վագրն ու սև անգղը դեռ սպասում են

Երևանի քաղքապետարանը 2023-ին հաստատել է Կենդանբանական այգու զարգացման նոր պլանը և գլխավոր նոր հատակագիծը։ Ըստ դրանց՝ բոլոր կենդանիների համար պետք է կառուցվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակներ, պետք է ապահովվի կենդանիների բարձրակարգ խնամքը։ Նախագծի շրջանակում կառուցվում են նոր միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը: 

Աֆրիկյան պսակավոր կռունկները միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր ազատավանդակներում են, գիշատիչ սև անգղը, արծիվը և աֆրիկյան բորենին դեռ սպասում են իրենց նոր կացարաններին, իսկ զեբրերի նոր տունը պատրաստ է, բայց հնից դեռ դուրս չեն գա։ Հիմնավոր պատճառներ ունեն․

«Չենք տեղափոխում, գտվում են շատ հետաքրքիր վիճակում, ձագի են սպասում, էդ վիճակում իրենց չի կարելի տեղափոխել, սթրեսային իրավիճակ է, այդ իսկ պատճառով ազատավանդակը ամբողջովին պատրաստ է, բայց կենդանիներին չենք տեղափոխում»։

Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն, կենդանաբան Աշոտ Ասլանյանը այգու բոլոր բնակիչների ֆիզիկական ու հոգեբանական բնութագրերն անգիր գիտի. սպիտակ վագրը, օրինակ այս պահին կարանտինում է, դա նշանակում է, որ նրան պատրաստում են նոր ազատավանդակ տեղափոխելուն։

«Մինչև տարեվերջ նաև վագրերի համար նախատեսված մեկ ազատավանդակ կլինի, կցուցադրվի այգու սպիտակ վագրը, հիմա կարանտինացում է անցնում, դա չի նշանակում, որ հիվանդ է, ուղղակի կարանտինացման բաժանմունքում է, ազատավանդակը ավարտելուց հետո կցուցադրվի»։ 

Այգու ամենահայտնի ու քննարկված բնակիչը՝ Բունկան, որի փրկության համար  երկու տարի առաջ միջազգային բնապահպանական կազմակերպությունները ստորագրահավաք էին նախաձեռնել, ոչ երկու տարի առաջ, ոչ էլ  հիմա փրկվելու խնդիր չունի՝ ասում է Ասլանյանը։ Պարզապես փղերը սոցիալական էակներ են, նրանց մենակ թողնել չի խրախուսվում, բայց կենդանաբանական այգու աշխատակիցները այդ մասին հոգացել են․

«Բունկայի հետ ամեն ինչ լավ է, Բունկայի հետ աշխատողները շատ ակտիվ շփվում են, փոխարինում են այսպես ասենք բնական շփումը, խաղում են, զբաղվածություն են իրականացնում, մշակում են ոստքերը, որ հոգեբանական խնդիրներ չլինեն, բայց բոլորս էլ գիտենք՝ կենդանուն անհրաժեշտ է զուգընկեր։ Դա քննարկման չի ենթարկվում , զուգընկերը պետք է»։ 

Որ փղին ընկեր է պետք, միանշանակ էր նաև նախորդ շաբաթ Երևանի գործակարգավարական խորհրդակցության նիստում։ Բունկայի նոր՝ ավելի ընդարձակ ու միջազգային չափանիշներին համապատասխան ազատավանդակը նախագծման փուլում է։ Քաղաքապետն այսօր վերահաստատեց՝  կենդանաբանական այգի ունենալու միակ արդարացումը կենդանիներին որակյալ ու ազատ պայմաններում պահելն է։

«Դեռևս 2023-ից մենք ունենք կենդանաբանական այգու նոր զարգացման պլան, նոր գլխավոր հատակագիծ, որը առաջին հերթին կենտրոնանում է կենդանիների պահման վրա, նոր ազատավանդակների ստեղծման վրա և դրանցից ոմանք մենք այսօր տեսանք միասին ու առհասարակ կենդանաբանական այգի ունենալու միակ արդարացումը կարող է լինել այն, որ կենդանիները իրապես լավ պայմաններում, ազատ պայմաններում են ապրում և դա է այն միակ և հնարավոր տարբերակը կենդանաբանական այգին պահպանելու»։

Կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծով՝ բոլոր կենդանիների համար պետք է կառուցվեն նոր ազատավանդակներ, իսկ վանդակներ առհասարակ չպետք է լինեն։ Քաղաքապետը ծանոթացավ արդեն պատրաստ ազատավանդակներին, վստահեցրեց՝ մինչև 2025-ի ավարտը ծրագրված բոլոր փոփոխությունները կլինեն, նաև սրճարանների համար առանձնացված հատվածը կնորացվի․

«Սրճարանների առանձնացված հատվածները դրվել են մրցույթի 3 տարով և սրճարանների հիմնական մրցույթի մասնակիցները նախկինում էստեղ որոշակի գործունեություն ծավալած անհատ ձեռնարկատեր կազմակերպություններ են, բայց նրանց հետ պայմանները նորացված են, տրամաբանությունը նոր է, տարածքնեը իրենց տրվում է 3 տարով և հիմնական ամենակարևոր պայմանն այն է, որ բոլոր էսքիզները համաձայնեցնում են կենդանաբանական այգու հետ»։

Այս տարի նախորդ տարվա համեմատ կենդանիներով հետաքրքրվողները 30 տոկոսով ավելի շատ են՝ ասում է կենդանաբանակն այգու ընդհանուր գծով փոխտնօրեն Տիգրան Սաղաթելյանը, ինչը նշանակում է, որ այգին 35-40 մլն դրամով ավելի եկամուտ ունի։

«Հիմա մի փոքր նվազում ունենք կապված նրա հետ, որ արձակուրդային սեզոնն ավարտվեց, սեպտեմբերի 1-ից հետո մոտ 3 անգամ պակասեց, օրական մոտ 1500-1700 այցելու ունենք՝ սովորական սեզոնի օրերը, իսկ սեպտեմբերին արդեն 400 500 հոգի օրական, շաբաթ-կիրակի՝ մինչև օգոստոսի վերջ մոտ 3000 այցելու»։

Այս պահին ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է կենդանաբանական այգին, միջազգային կազմակերպություններից ֆինանսավորման որևէ ծրագիր դեռ չկա, իսկ փղի կացարանի ծախսերը հոգալու է քաղաքապետարանը։

Back to top button