Հայերն ու վրացիները հպարտանալ են սիրում, բայց գինու առումով կշահենք՝ «կարտել» կազմելով․ Վրաստանի սոմելիեների ասոցիացիայի ղեկավար
«Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»–ն այս տարի հյուրընկալեց Հայաստանը։ Միջազգային ամսագրերի համար գինու թեման լուսաբանող լրագրողներ, ոլորտային մասնագետներ, ՄԱԿ պաշտոնյաներ և գինեսերներ՝ 20 երկրից։ Հարևան Վրաստանի սոմելյեների ասոցիացիայի ղեկավարի հետ զրուցել է Աստղիկ Փիլիպոսյանը։
«Տերուար»` ինքնատիպ վայրում խաղողի այգի՝ ողկույզը ճզմելու, հյութը պահելու տնտեսությամբ․ սա «գինու զբոսաշրջության» քարտեզի տիպիկ կանգառ է։
Հայաստանում նման ավելի քան 30 հանրաճանաչ կանգառ կա։ Մեծ ու փոքր գինեգործարանները Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում են։
2024թ.-ին ՄԱԿ-ի «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի» հյուրընկալը դարձավ Հայաստանը։ 20 երկրներից եկած մասնագետների մի մասը բացահայտեց, մյուս մասը՝ նորից ծանոթացավ մեր գինեգործական ներուժին։
Վրաստանից ժամանած Գիորգի Դարցիմելիան, Հայաստանը «ներսից ճանաչողներից է»։ Նա «Վրաստանի սոմելիեների ասոցիացիայի» ղեկավարն է, ունի Հայաստան-Վրաստան «գինու զբոսաշրջության» փաթեթներ վաճառող ընկերություն, միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում՝ 2 երկրում ոլորտի հրավիրյալ դասախոս է։
Հայկական և վրացական գինեգործական ընկերությունները մրցակցության մեջ են, պետք է շարունակենք մրցակցե՞լ, թե՞ գործել միասին՝ հարցնում եմ մասնագետին։
— Գլոբալ շուկան շատ մեծ է, այնտեղ մտնել, հատկապես պրեմիում դասի գինիներով, շատ դժվար է։ Աշխարհը կարող է նկատել մեր կողմերի գինիները՝ միավորված ջանքերի շնորհիվ։ Արդյունավետ կլինի, եթե կազմենք «կարտել» ։
-Ի՞նչ քայլեր են դրա համար հարկավոր։
-Հասկանալ և ճանաչել մեկս մյուսին։ Ես հայկական գինիներին հետևում եմ երկար ժամանակ, ձեր գինեգործարաններ սկսել եմ այցելել վաղուց։ Երկու երկրում էլ գինու արտադրության ոլորտը զարգացել է։
Վրաստանն ու Հայաստանը նախնիների թողած հարուստ ժառանգությամբ պատմականորեն հին երկրներ են, այնպես որ 2-ով կարող ենք ավելի լավ դիրք գրավել աշխարհում։
Գինիները պետք է հայտնվեն մասնագիտական ամսագրերի շապիկներին, որ համաշխարհային գինեսեր համայնքը իմանա՝ այս կողմերում իրենց համար 2 կարևոր կետ կա։ Մեծ շուկաներին քանակություն է պետք, դա կարող ենք ապահովել միասին։
-Հայերն էլ, վրացիներն էլ գինեգործության մեջ հպարտանալ են սիրում։ Ինչպե՞ս պետք է կողմերը չչարաշահեն բնավորության այդ գիծը և շարժվեն Ձեր ասած ճանապարհով։
-Այո, մենք երկուսս էլ պնդում ենք, որ մենք ամենահինն ենք ու ամենալավը: Դա նորմալ է, բայց անկախ՝ թե որքան հին է գինեգործության պատմությունը, կարևոր է, թե ինչ ենք անում այսօր:
Հայաստան այցերիս արդյունքում տեսնում եմ, որ հայերը կարող են հասկանալ՝ ի՞նչ պետք է անել, և որո՞նք են մեր համատեղ շահերը: Սա մի տեսակ առաջնային մակարդակ է, որով կարելի է սկսել։
-Վրացական գինեգործական ոլորտը կարողացել է բացել չինական բարդ շուկայի դարպասն ու մեծ հաջողության հասել։ Բացի հարմար լոգիստիկայից, որն է՞ հաջողելու բանաձևը։
-Վրաստան-Չինաստան մեր առաջին համագործակցությունը սկսվեց, երբ վրացական ամենաէժան գինիները հայտնվեցին այդ շուկայում։ Ասիական շուկան հսկայական է, ուստի կարծում եմ՝ փորձը պետք է փոխանակվի, թաքցնելու ոչինչ չկա։
Մենք հիմա ավելի բարձր նշաձող ենք վերցրել, ցանկանում ենք միջին կամ պրեմիում դասի գինիներ առաքել։
Դա կարևոր է մեր նման փոքր երկրների համար։ Եթե քանակ չենք կարող արտադրել, պետք է որակի վրա կենտրանանանք, որպեսզի աշխարհում հավատարիմ հաճախորդներ ունենանք։
«Վրաստանի սոմելիեների ասոցիացիայի» ղեկավար Գիորգի Դարցիմելիան հայ-վրացական հաջող համագործակցության օրինակ է համարում փաթեթային տուրիզմի իրացումը։ Միջազգային զբոսաշրջիկը գալիս է տարածաշրջան, այցելում ինչպես Հայաստան, այնպես էլ Վրաստան։