ԿարևորՄշակույթ

Մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը

Թատերահամերգային կազմակերպությունների 2024-25 թվականների նոր թատերաշրջանի շրջանակում այսօր մեկնարկել է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը, որով ազդարարվել է նաև Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանի բացումը:

Համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Հայաստան ժամանած ֆրանկոֆոնիայի խաղերի կազմկոմիտեի պատվիրակության անդամները։

Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին՝ հայաստանյան հանդիսատեսին նվիրելով երաժշտական տոն:

Սեպտեմբերի 16-ի համերգին Սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ներկայացրել դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի հինգ սիմֆոնիկ համերգներում ընդգրկված են ռուս և եվրոպացի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները, որոնց կողքին կհնչեն նաև հայ հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի‚ Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները:

Այս տարի ևս փառատոնի ընթացքում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն:

Back to top button