Բրիտանական անձնագրով դիցուհին վեց ամսով տանն է
Դիցուհին 6 ամսով տանն է։ Ոսկեմոր, պտղաբերության ու մայրության աստվածուհու՝ Անահիտի հայաստանյան ճամփորդության համար կառավարությունը 15 մլն 700 հազար դրամ վճարեց, Հայաստանի պատմության թանգարանը ամիսներ շարունակ բանակցեց Բրիտանական թանգարանի հետ։ Ջանքերը զուր չէին, միջոցները՝ արդարացված, ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ խորհրդանշական վայրէջքն իրականություն է․
«Այսօր մեզ համար խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենք միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունը իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ»։
Հայկական դիցարանի մայր ասվածուհուն վերագրվող 10 կիլոգրամանոց բրոնզաձույլ գլուխը առաջին անգամ է Հայաստանում, Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները սկսվել էին դեռ 2023-ի ամռանը, իսկ փետրվարին արդեն ուրվագծվեց այն Հայաստան տեղափոխելու օրը։
«Ես ակնկալում եմ առաջին հերթին, որ թանգարանի մոտ հերթեր են լինելու՝ մտնելու ու տեսնելու այս հրաշալի ու կարևոր ցուցադրությունը»։
1872-ին Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքին մոտ գտնվող Սատակ բնակավայրում հողը փորելիս մի գյուղացի գտավ բրոնզաձույլ արձանի ձեռք ու գլուխ։ Այն տեղափոխվեց նախ՝ Կոստոանդնուպոլիս՝ Ստամբուլ, ապա Իտալիա, 1873-ին իտալացի հավաքորդ Ալեքսանդրո Կատելանին գնեց այն, հետո ավելի քան 20 000 ֆունտով վաճառեց Բրիտանական թանգարանին։ Քանդակը պահվում էր «Հունական և հռոմեկան հնություններ» վերտառությամբ ցուցասրահում իբրև հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի։ Հետազոտողները պնդում էին՝ հույն քրմերն են աստվածուհու գլուխը հասցրել Հայաստան։ Դրան հակառակ՝ ժամանակի հայ պատմագետները, օրինակ՝ Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը իր աշխատանքներով հիմնավորւմ էր՝ արձանը գտնվել է հեթանոսական Հայաստանի Երիզա բնակավայրի տարածքում, որտեղ գտնվում էր Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։ Գտածոյի ծագման շուրջ վեճերը շարունակվում են մինչ օրս։ Փաստն այն է, որ այն ունի բրիտանական անձնագիր, հունական անուն, բայց նկարագրված է իբրև հայ-իրանական ասվածուհի Անահիտ կամ Անաիդա։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան․
«Իրենք փորձել են հնարավորինս եղած տվյալների վրա ներկայացնել, և կարծում եմ՝ վատ չէ ներկայացված, և անցած տարի առանձին ժամանակավոր ցուցահանդեսի կոնտեքստում, որտեղ կային նաև մեր մոտից փոխառնված 3 նմուշներ, հատկապես Արտաշատից գտնված մեր արջակերպ ռիտոնը։ Այս ռիտոնը հենց համադրվել էր նույն այդ բրոնզե գլխի հետ և կուրատրը հենց այդպես էր մեկնաբանել, որ դա հայ-իրանական աստվածուհի Անահիտն է, դա ինձ համար հետաքրքիր մեկնարկային կետն էր այս նախագծի մասին մտածելու»։
Ցուցադության ընթացքում թանգարանը գիտական քննարկումներով կանդրադառնա քանդակի պատկանելիության խնդրին, Հայաստան կժամանի հրավիրյալ հետազոտող Լուսիա Գանինգը։ Նա մանրամասն անդրադարձել է այս արձանի հայտնաբերման պաատմությանը։ Ցուցադրության խորագիրը՝ «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» պատահական չէ, Անահիտի կողքին կցուցադրվի նաև մայրության թեմայով թանգարանի մոտ 60 նմուշ․
«Որոշեցինք, որ խնդիրը միայն Անահիտը չէ, նաև մայր աստվածության թեման է, մոր կերպարան է՝ որպես աստվածացման թեմա, որը շատ հետաքրքիր է և գլոբալ է, և կհետաքրքրի բրատանական թանգարնի գործընկերներն, և մեր հավաքածուն էլ շատ հետաքրքր է։ Հնարավորություն ունենք դրան անդրադառնալու սկսած «Նոր քարի» դարի ժամանակաշրջանից, և այցելուները կտեսնեն, թե ինչպես այս թեման այսօր էլ նորովի է արժևորվում։ Պատահական չէ, որ ասում ենք մայր հայրենիք, մայր հող, և երկրի հետ է ասոցացվում մոր կերպարը՝ որպես պահապան, կենսատու»։
Այս հիմնավորմամբ ՝ ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը։ Ժաննա Անդրեասյանն ասում է՝ այդպես նաև կվերաարժևորենք մեր շրջապատի կանանց․
«Հրաշալի հնարավորություն է ընձեռնվելու նաև այս տարբեր նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը, իսկ մեր պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն, ու ես հուսով եմ՝ անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի նաև այդ կարևոր խոսակցությունը»։
Գրեթե նույն՝ կանանց դերի արժևորման ու մեծարման հիմնավորմամբ՝ 12 տարի առաջ մարտի 8-ին ընդառաջ շուրջ 20 000 երիտասարդներ ստորագրեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատանն ուղղված դիմում-պահանջի տակ․
«Աշխարհը հպարտությամբ է նայում այս արձանին, իսկ ինչո՞ւ հայերը չեն կարող գոնե մեկ անգամ տեսնել դա, ես ընդամենը ուզում եմ մահանալուց առաջ մեկ անգամ տեսնել»։
2012-ին Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանող Անի Արտեմյանի ցանկությունը անիրատեսական էր որակվում։ Երիտասարդները Անահիտին բրիտանական թանգարանից ոչ թե ժամանակավոր էին պահանջում, այլ՝ ընդմիշտ, դրա բոլոր հիմքերն ունեին՝ ասում էր կրթության այդ ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանը և հիշեցնում՝ թանգարանը գտածոներ էր տվել Եգիպտոսին, երբ պարզվել էր, որ դրանք եգիպտական են։ Մի քանի ակցիաներից հետո ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քեթրին Ջեյն Լիչին խոստացավ աշխատել Հայաստանում ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ, բայց տեսանելի արդյունքներ չեղան։ Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց՝ Բրիտանական թանգարանից ժամանակավոր փոխառնված մասունքները նաև երկու երկրների միջև դիվանագիտական ավելի խորը կապեր հաստատելու նշանակություն ունեն․
«Սա առաջին անգամն է, որքան հասկանում եմ, որ բրիտանական որևէ թանգարանից ցուցանմուշ բերվել է Հայաստան, բայց ես գիտեմ, որ սա մի շարք փոխանակությունների շարքին է պատկանում, որոնք մինչ այս տեղի են ունեցել։ Վերջերս Միացյալ Թագավորությունում մի ցուցադրություն եղավ, որտեղ Հայաստանի պատմության թանգարանը փոխառությամբ տվել էր ցուցադրություն։ Հիմա հակառակ ուղղությամբ է փոխառությունն իրականացվում, և հուսով եմ, որ սա շարքի սկիզբն է միայն»։