ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ՀՀ իշխանությունները COP 29–ին ընդառաջ Բաքվի վրա միջազգային ճնշում են ակնկալում

Թեև Ադրբեջանն արդեն մերժել է «Խաղաղության պայմանագրի» նախագծում համաձայնեցված հարցերը ստորագրելու Հայաստանի առաջարկը, բայց օրակարգում շարունակում է մնալ մինչև նոյեմբեր փաստաթուղթը ստորագրելու հավանականությունը։ Ժամկետը կապված է նոյեմբերին Բաքվում կայանալիք  COP29–ի՝ ՄԱԿ–ի կլիմայի համաժողովի անցկացման հետ։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ «Խաղաղության պայմանագրի» նախագծի 17 կետերից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3–ի բովանդակությունն է համաձայնեցված և ընդամենը մեկ  կետի շուրջ դեռ համաձայնություն չկա։

Երևանը  դեռ պատեհ չի համարում խոսել COP29–ին մասնակցել–չմասնակցելու մասին, բայց լիահույս է, որ Բաքվում  կազմակերպվելիք ՄԱԿ–ի կլիմայի համաժողովը քաղաքական որոշումներ կայացնելու լծակ կդառնա։ Որոշումը կարող է վերաբերել թե՛ հայ ռազմագերիների վերադարձին, թե՛ «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Վերջին տարբերակի մասին Երևանում խոսել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ շեշտելով, որ Ադրբեջանի պատասխանատվությունն է նախքան COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այս փուլում  իրատեսական չի  համարում «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամկետների մասին խոսելը։

«Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց ցավոք սրտի, հիմա չենք կարող։ Միջազգային գործընկերների աջակցություն կա, թե որքանով է մեծ ճնշումը Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, նաև տարբեր երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից։ Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառումը, այո, բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում։ Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգը առաջ տանելու համար։ Ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տեսքով, շատ ենք խոսել դրա մասին։ Գործընթացներ են տեղի ունենում, հուսանք, ամեն բան կգնա դեպի դրական զարգացումներ»։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության գործընթացի հանդեպ թերահավատ են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Հիշեցնում են պայմանագրի նախագծում տեղ չգտած խնդիրները՝ գերիների վերադարձ, սահմանազատում ու ճանապարհային ենթակառուցվաշքների ապաշրջափակում։ Ուղիղ երկխոսության վտանգների ու խաղաղության երաշխիքների բացակայության մասին են խոսում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Սեյրան Օհանյան․ «Խաղաղության պայմանագրի լիարժեք փաստը կիրականացվի այն դեպքում, երբ պայմանավորվածություն լինի բոլոր կետերի ուղղությամբ և այնտեղ անդրադարձ լինի Արցախին վերաբերող հարցին, մեր բոլոր գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սա նշանակում է, որ Խաղաղության պայմանագիրը պարզապես խաբկանք է կամ պարզապես շեղում է իրողությունից։ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, խոսույթը չի խոսում նրա մասին, որ իրենք խաղաղություն են ցանկանում»։

Հայկ Մամիջանյան․ «Իսկ ո՞վ է այդ խաղաղությունը երաշխավորելու։ Ես աշխարհաքաղաքական նախասիրություններ չունեմ։ Ո՞ր աշխարհաքաղաքական միավորը՝ լինի միջազգային կառույց, գերտերություն կամ տարածաշրջանային դերակատար, ո՞վ է երաշխավորելու այդ խաղաղությունը»։

«Խաղաղության պայմանագրի» նախագծի ո՞ր կետի շուրջ համաձայնության չեն գալիս կողմերը՝ այս հարցը իշխանությունը չի մեկնաբանում, իսկ ընդդիմությունը տեղյակ չէ, քանի որ փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն չունի։

Նույն անորոշությունը  ընդդիմադիրները տեսնում  են սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգում, որը սեպտեմբերի 10–ից ՍԴ–ում է և սպասում է սահմանադրականության վերաբերյալ դատարանի որոշմանը։  Այն հայտնի կդառնա սեպտեմբերի 24–ին։ Դրական եզրակացության դեպքում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի վավերացմանը։ Մինչդեռ Կանոնակարգի տեքստին ծանոթանալուց հետո ընդդիմադիրները լուրջ վերապահումներ ունեն։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը մեջբերում է անում  Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությունից․

«Այնտեղ հստակ նշված է իրավական հակասությունը, թե որ փաստաթղթի վրա են հիմնվում, ինչ խոսցելիություն են դնում, կարող էին օգտագործել լրիվ այլ փաստաթուղթ՝ 88 թվականի փաստաթուղթը, որը շատ ավելի ընդունելի էր։ Ոչ պակաս կարևոր կետը հատվածային սահմանազատման վերաբերյալ կետն է։ Ըստ այդ կանոնակարգի՝ հատված–հատված կարելի է իրականացնել սահմանազատումը, ընդ որում՝ տարբեր սկզբունքներով, տարբեր քարտեզներով, տարբեր իրավական փաստաթղթերով ու այդ բոլոր հատվածային սահմանազատումները լինելու են վերջնական։ Հողի վրա, Ադրբեջանը իրեն հետաքրքրող բոլոր հատվածներում կարող է ստանալ սահմանազատման հատվածային ու ըստ կանոնակարգի՝ վերջնական լուծումներ, ինչպես արեց Կիրանցում, որից հետո վերջնական գործընթացի նույնիսկ չգնա ու այդ հատվածային սահմանազատումները լինեն վերջնական, անբեկանելի, առանց վավերացման, առանց ներպետական փուլերը անցնելու»։  

Խորհրդարանական մեծամասնությունն այլ կարծիք ունի սահմանազատման գործընթացի մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Կիրանցի օրինակով է հիմնավորում դիրքորոշումը։

«Տավուշի սահմանազատման գործընթացը ՀՀ ձեռքբերումն էր, որովհետև այն գյուղերը, որոնք շարունակում էին մնալ Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո, բայց Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, շարունակում էին մնալ հրձիգ պատերզմի համար և միակ լեգիտիմ հնարավորությունը Ադրբեջանի համար ՀՀ վրա հարձակվելու։ Ըստ էության, սահմանները վերջնականապես գծելով, մենք վերջին ռիսկը ՀՀ վրա լեգիտիմ հարձակման վերացրել ենք և ունենք հստակ սահման, որից գոհ են կիրանցիները, բաղանիսցիները, ոսկեպարցիները և այստեղ մենք խնդիր չունենք։ Կանոնակարգը ու աշխատակարգը սահմանազատման, ըստ էության, ձևավորվել է հենց այդ գործընթացում, ընդգծվել է Ալմա Աթայի հռչկագաիրը, որով էլ հենց Կիրանցում սա տեղեի է ունեցել։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ Կիրանցի սահմանազատումը նածադեպ էր, որի հիման վրա մենք ստեղծեցինք աշխատակարգը և դրա հիման վրա այն տարածելու ենք սահմանի ողջ երկայնքով»։  

Մեկ այլ գործընթաց՝ ոչ թե ՍԴ–ից, այլ հանրությունից է առաջիկայում պատվիրակվելու խորհրդարանին։ Խոսքը ԵՄ–ին ձգտող ուժերի քաղաքացիական նախաձեռնության մասին է։ Այս հարցի առնչությամբ խորհրդարանական մեծամասնությունը նույնպես հստակ ձևավորված կարծիք ունի։

«Մենք խոսել ենք մեր եվրոպական ձգտումների մասին շատ կոնկրետ և շարունակում ենք այս խոսակցությունը։ Բայց մենք ելնում ենք իրողություններից և օբյեկտիվ իրականությունից։ ԵՄ անդամակցելը շատ կոնկրետ պրոցես և երկար ժամանակ է ենթադրում։ Պետք է մի քիչ զուսպ լինենք ակնկալիքների առումով։ Ես ուղղակի ասեմ, որ պատմականորեն ԵՄ անդամակցելու գործընթացում հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե՝ առաջին։ Որովհետև կարող է հանրաքվե անես, պարզվի, որ ԵՄ–ում քեզ ոչ մեկը չի սպասում։ Ձևը, թե ինչպես ՀՀ–ն կմոտենա ԵՄ–ին, կքննարկենք այս ընթացքում, այդ թվում նաև՝ ստորագրահավաքի»։ Օրեր առաջ ԿԸՀ–ն բավարարել էր 51 քաղաքացիների դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ ԿԸՀ-ն ստորագրությունների հավաքման համար 60-օրյա ժամկետ է սահմանել՝ սեպտեմբերի 16-ից  մինչև նոյեմբերի 14-ը։ Եթե նախաձեռնության հեղինակներին հաջողվի այդ ընթացքում քաղաքացիների 50 հազար ստորագրություն հավաքել, ապա օրենքի նախագիծը հնարավոր կլինի քննարկել ԱԺ–ում։   

Back to top button