Ատոմակայանում սերնդափոխության խնդիր կա․ ինչո՞ւ ոլորտը գրավիչ չէ երիտասարդների համար
Մոտ 12 տարի ժամանակ կա, մինչև Հայաստանը նոր ատոմային կայան կունենա։ Մինչ պատկան կառույցները որոշում են՝ ինչ մոդելի ու որ երկրի ատոմակայան է Հայաստանն ունենալու, նույն կառույցները տեղյակ են՝ երկրում ոլորտի մասնագետների պակաս կա։ Այս տարի ատոմային էներգետիկա մասնագիտությունը նախընտրել է 15 ուսանող։ Բայց սա բավարար չէ։ Ավելին, երբ սկսվեն նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, այդ խնդիրն ավելի ակնհայտ կդառնա։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունն այդ խնդիրը կարգավորելու համար։
«Միջուկային ռեակտորի ֆիզիկա», «Ատոմային էներգետիկա», «Ատոմային էներգետիկա և ավտոմատիկա»․ այս մասնագիտությունները մայր բուհում և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեցին 2000–ականներին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնում են ատոմային էներգետիկայի մասնագետներ պատրաստում։ Ամբիոնի դոցենտ Մերի Ղազարյանն ընդգծում է՝ ՀԱԷԿ—ում սերնդափոխության խնդիր կա․
«Ատոմակայանը առանց կադրերի պակասի աշխատում է, բայց, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, սերնդափոխության խնդիր կա; Այստեղ ամբողջ ինժեներական, տեխնիկական մասնագիտություններին է վերաբերում։ Ատոմայինը՝ հաշվի առած իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները»
«Միջուկային ռեակտորի ֆիզիկա» մասնագիտություն ստացած շրջանավարտները տեսաբաններ են, որոնք կայանը չեն շահագործելու, բայց նրանք միջուկային ռեակտորի մասով են ներգրավվում աշխատանքներում։ Գնալով մասնագետների հարցը ավելի ու ավելի հրատապ է դառնում․
«Խնդիրը շատ լուրջ է՝ 2014–2015 թվականներին, երբ բուհում ուսուցանում էին «Ատոմային էլեկտարական տեղակայանքներ» ու «Ավտոմատացումը ատոմային էներգետիկայում» մասնագիտությունները, ամեն խմբում 20 ուսանող ունեին»։
Ամեն տարի 30–40 շրջանավարտ էր ունենում պոլիտեխնիկն այս մասնագիտություններով։ Ուստի նրանցից ոլորտին նվիրված կադրեր գտնելը հեշտ էր։ Բայց վիճակագրությունը գնալով ավելի տխուր է դառնում․
««Ատոմային էներգետիկա» մասնագիտությամբ ունեցել ենք երկու շրջանավարտ, 3 շրջանավարտ՝ «Ջերմաէներգետիկա», ևս 2–ը՝ շրջակայով։ Այսինքն, ամբողջ էներգետիկայի ճյուղում ապագա սերնդափոխությանը մասնակցելու են այդ հինգ շրջանավարտները, որոնց մի մասն էլ կգնա այլ դաշտ աշխատելու»։
2022–ին պոլիտեխնիկում պետպատվերով հատկացված ութ տեղը չէր լրացվել․ պատկերը փոքր–ինչ փոխվեց վերջին տարիներին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցնում է ՝ բուհերում այս մասնագիտությունների համար տարկետման իրավունքն է գործում․
«2023–ին, երբ գործում էր տարկետման կարգը, 11 ընդունելություն ենք ունեցել։ Իհարկե, բավարար չէ, բայց արձանագրում ենք, որ պետպատվերով տեղերը լրացվել են, մրցույթ է գրանցվել։ Նույն իրավիճակն է ԵՊՀ–ի պարագայում, երբ 2022–ին պետպատվերով վեց տեղ է տրամադրվել, 5 հոգու ընդունելություն է եղել, 2023–ին՝ 16 տեղի համար ընդունելություն է եղել 6 պետպատվեր, ու վճարովի տեղեր»։
Սերնդափոխությունը միայն բուհի խնդիր չէ՝ ասում է պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Մերի Ղազարյանն ու ընդգծում բուհ –պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը։ Այստեղ անհրաժեշտ է, որ ոլորտն ինքն էլ ունենա իր դերակատարությունը։ Մասնագետն ընդգծում է՝ փոքր էներգետիկայում այժմ զարգացվածությունը բարձր է, այստեղ աշխատակիցներ քիչ են պահանջվոմ։ Ոլորտի կազմակերպությունները արևային էներգետիկայի համար, օրինակ, մեկ–երկու մասնագետ են վերապատրաստում, ու վերջ։ Ուստի հիմնական կրթական մոտիվացիան կորչում է։
«Այստեղ մեծ դեր պետք է ունենան խոշոր արտադրողները՝ ՋԷԿ, ատոմային էլեկտրակայան։ Պետությունը մեկ քայլ արեց՝այս տարի «Ատոմային էներգետիկա» մասնագիտությանը տրվեց տարկետման իրավունք՝ միայն պետպատվերով ութ տեղին։ Պետպատվերով տեղերի քանակը չփոխվեց, ութը դառնար 15, չեմ կարծում, որ, եթե այդպես լիներ, դրանից ՏՏ–ն կտուժեր, այդ մասնագիտության համար նաև վճարովի տեղերի համար են դիմում»։
Պոլիտեխնիկական համալսարանի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Արամ Գևորգյանն ընդգծում է՝ ՀԱԷԿ–ը շահագործողները ավագ սերնդի ներկայացուցիչներ չեն, անձակազմի սերնդաափոխման անհրաժեշտություն չի լինի, բայց նոր ատոմակայան կառուցելու դեպքում արդեն մասնագետների հարցը սրվելու է․
«Եթե մենք նոր ատոմակայան ենք կառուցելու, այդ ժամանակ արդեն կադրերի խնդիր է առաջանալու։ Մեզ անհրաժեշտ են լինու էներգետիկներ, քիմիկներ։ Եթե մենք ատոմակայանը աշխատեցնենք մինչև 2036թ ու կանգնեցնենք, կադրերի պակաս չի լինի, բայց նոր կադրերի հարցով պետք է զբաղվենք այսօրվանից»։
Էներգետիկայի ոլորտում մասնագետ դառնում են տարիների ընթացքում։ Այնպես որ, մինչև կառուցվելիք ատոմակայանի տեսակը որոշելը, ոչ պակաս կարևոր է մասնագետների խնդիրը լուծելը։