ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանը պատրաստ է փաստաթուղթ ստորագրել, Բաքուն իր պատրաստակամությունը պետք է ցույց տա նախքան COP 29-ը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի ընդլայնված կազմով հանդիպումից ու հարցերի քննարկումից հետո արտգործնախարարները հանմատեղ մամուլի ասուլիսում  խոսել են ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման, փոխգործակցության ընդլայնման մասին։ Օրակարգում էր նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի թեման։

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել Խաղաղության պայմանգրի հերթական խմբագրական 10-րդ առաջարկը և պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրի այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Երևանի ու Բաքվի միջև։ Այսօր ևս մեկ անգամ այս մասին հայտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ դրանով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա կճանաչվեն փոխադարձ սահմանները՝

«Հայաստանը պատրաստ է օր առաջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը , այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Համաձայնագիր որով, ըստ էության, երկու երկրները կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Մի փաստաթուղթ, որը սահմանում է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում՝ դրա փլուզման պահին երկու երկրների միջև»։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն էլ վստահեցնում է, որ Փարիզն աջակցում է Երևանի ու Բաքվի միջև արդար և կայուն խաղաղություն հաստատող, երկու երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգող պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։ Ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է ԵՄ դիտորդների ներկայությունը, շեշտում է նա։ Ֆրանսիացի դիվանագետը նաև կարևորում է ՀՀ վարչապետի առաջարկած հետաքննության մեխանիզմների ներդրումը։

«Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն, և քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP 29-ը, նրա պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP 29-ը։ Կարծում եմ, որ պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ»։

Հարավային Կովկասն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, պետք է դառնա խաղաղության և համագործակցության տարածք, որը հնարավորության կտա նաև Հայաստանում առևտրի զարգացմանն ու բարգավաճմանը։

«Մենք մեծապես աջակցում ենք ՀՀ վարաչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Հայաստանը, բնականաբար, շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի ու Եվրոպայի հաղորդակցության համար, բնականաբար, հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը»։

Երևանն ու Փարիզը շարունակելու են պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Սեժուրնեի խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և բնակչությունը։ Ըստ նրա՝ բարեկամների միջև բնական է նման համագործակցությունը, և Փարիզը դա անում է սուվերենության հարգանքով և առանց որևէ էսկալացիայի կամքի։

Սեպտեմբերի 9-ից ՀՀ ու ԵՄ միջև մեկնարկել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և Ֆրանսիան ըստ Ստեֆան Սեժուրնեի՝ պատրաստ է Հայաստանին աջակցել այս հարցում ևս։

Back to top button