Մինչև հարցազրույցը տիկին Մաքսենան նյութեր է տալիս ուսումնասիրելու, օգնում է, որ ավելի լավ պատրաստվեմ հարցազրույցին ու զգուշացնում է՝ Օֆելյա՛, իմ ամբողջ կյանքը հնարավոր չէ 20 րոպե տևողությամբ հաղորդման մեջ տեղավորել, ես պետք է խոսեմ նաև Մարտինի մասին: Քանդակագործ Մարտին Կակոսյանն աշխատել է Քոչարի հետ և միասին են կերտել Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի հանրահայտ ու սիրված արձանները:
Ուսանողական տարիներին սկսած սերն ավելի քան 60 տարեկան ընտանիքի է վերածվել, ամուսնու մահն էլ նրանց չի բաժանել: «Մարտինը հիմա էլ ինձ հետ է, եթե սեր է, ուրեմն, հավերժ է»,- ասում է տիկին Մաքսենան:
Տնտեսական գիտությունների թեկնածուն շուրջ 30 տարի Բժշկական համալսարանում հասարակական գիտությունների ամբիոնն է ղեկավարել, սերունդներին կրթել է ավելի քան 30 տարի, նրա շնորհիվ է, որ բժշիկների մի քանի սերունդ բազմակողմանի կրթություն է ստացել:
Երկրորդ շնչառություն տիկին Մաքսենան ու նրա ամուսինը վերցրել են թոշակից հետո, երբ մեկնել են ԱՄՆ: «Մենք միայն թոռներին պահող տատիկ-պապիկ չէինք: Մենք Հայաստանը ճանաչել տվեցինք ԱՄՆ-ում»,- ասում է նա՝ ներկայացնելով այն բոլոր ծրագրերն ու հանդիպումները, որ իրենք իրականացրել են այդ երկրում:
Ամերիկյան դպրոցներում հայերեն է դասավանդել, հայ ժողովրդի պատմությունն է պատմել: Նա կոչ է անում արտերկրում ապրող բոլոր հայերին հանգստից ու քնից մի քիչ ժամանակ խլել ու պատմել մեր երկրի ու ժողովրդի մասին:
Հարցազրույցն իսկապես նախատեսվածից կրկնակի երկար տևեց, տիկին Մաքսենան չի թաքցնում տարիքը, նա արդեն 86-ի մեջ : «85-ում էլ, 100-ում էլ կարելի է լինել ակտիվ, առողջ ու չտրտնջալ, որովհետև մետաղյա տանկն անգամ փչանում է, հնանում է: Դե ուրեմն, արի ու մի տրտնջա ու վայելիր կյանքն ինչքան որ տրված է»,- եզրափակում է նա: