ԿարևորՄիջազգային

SpaceX-ի Polaris Dawn տիեզերանավը հաջողությամբ վերադարձել է Երկիր

Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանն իր անձնակազմի հետ այսօր Երկիր է վերադարձել՝ ավարտելով տիեզերական հնգօրյա ճամփորդությունը:

SpaceX-ի պարկուճը վայրէջք է կատարել Մեքսիկական ծոցում՝ Ֆլորիդայի Dry Tortugas-ի մոտ։

Ջարեդը և նրա ընկերները՝ Սառա Գիլիսը, Աննա Մենոնը և Սքոթ «Քիդ» Փոթեթն առաջին մասնավոր տիեզերական զբոսանքն իրականացրին Երկրից շուրջ 740 կիլոմետր բարձրության վրա։

Այզեկմանը դարձավ 264-րդ մարդը, որը դուրս է եկել բաց տիեզերք (առաջին անգամ դա իրականացրել էր սովետական տիեզերագնացը 1965-ին ), իսկ Սառա Գիլիսը 265-րդն է: Նախկինում բաց տիեզերք դուրս էին եկել միայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները։

«Մեր առաքելությունն ավարտված է»,- հայտարարել է Այզեկմանը, երբ պարկուճը հայտնվել է ջրի վրա՝ սպասելով փրկարարների թիմին: Մեկ ժամ անց նրանք արդեն նավի տախտակամածի վրա շնորհավորել են միմյանց։

Հինգշաբթի՝ բաց տիեզերք դուրս գալու ժամանակ, Polaris Dawn առաքելության տիեզերանավի լյուկը բաց էր մնացել գրեթե կես ժամ: Առաջինը դուրս էր եկել Այզեկմանը, նրան հաջորդել էր Գիլիսը։

Մյուս երկուսը՝ Աննա Մենոնը և Սքոթ «Քիդ» Փոթեթը, մնացել էիր ներսում, սակայն կրել էին բաց տիեզերք դուրս գալու համար անհրաժեշտ հանդերձանքը։ Նրանք նույնպես հայտնվել էին անօդ տարածության մեջ, քանի որ տիեզերանավն օդային փականներ չուներ, և տիեզերք դուրս գալու համար պետք էր լայն բացել լյուկը։

Polaris Dawn-ը Polaris-ի պլանավորված երեք առաքելություններից առաջինն է, որն Այզեկմանի և SpaceX-ի համատեղ նախագիծն է: Այն ներառում է SpaceX-ի նոր Starship հրթիռի առաջին թռիչքը, որը դեռ մշակման փուլում է:

Back to top button