ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստանում կանայք ավելի շատ քաղաքական քննարկումներում են թիրախավորվում․ հետազոտություն

Մեր երկրում կանայք ամենաշատը քաղաքական քննարկումներում են թիրախավորվում։ 6 ամսում 12 լրատվամիջոցների մշտադիտարկման համառոտ եզրակացությունն է։ Գենդերային հարցերով փորձագետ Անի Կոնջոյանն ասում է՝ հատկապես ԱԺ քննարկումների, ավագանու նիստերի ու թեժ բանավեճերի օրերին, լրատվամիջոցները մտացածին կամ մանիպուլատիվ նյութեր են տարածում կին քաղաքական գործիչների մասին։

«Դուրս բերված 332 ապատեղեկատվությունից 202-ը քաղաքական բնույթի է, քաղաքական և ապատեղեկատվական։ Սա այն կանանց մասին է, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, քաղաքական որոշումներ են կայացնում, քաղաքականության մեջ կան։ Ընդ որում՝ դա կարող են լինել այս պահին իշխանության անդամները, կարող են լինել ընդդիմադիր ուժեր ձևավորած խմբերի ներկայացուցիչները, կամ կարող են լինել այս պահին ոչ ակտիվ, բայց նախկինում ակտիվ կին գործիչները, որոնց թիրախավորում են՝ իրենց սեռով և գենդերով պայմանավորված»։

Կանանց ուժերը թերագնահատվում են նաև, օրինակ, անվտանգային հարցերում։ Կոնջոյանի դիտարկմամբ՝ երկրի կարևոր ռազմավարություններից խոսելիս կանայք հայտնվում են ապատեղեկատվությունների կիզակետում, որոշ  լրատվամիջոցներ կասկածի տակ են դնում նրանց՝ կարևոր որոշումներ կայացնելու ունակությունը։ Այդպես լինում է նաև օրինագծերի քննարկումների ժամանակ։

«Պայմանականորեն խոսքը վերաբերում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի բարեփոխումների նախաձեռնությանը, պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնություններով և կոնկրետ դրույթներով, թիրախավորվել էին մասնավորապես կին պատգամավորները, հենց այդպես էլ նշվում էր հոդվածում՝ կին պատգամավորները ուզում են և անպայման ամբողջությամբ այդ օրենսդարական նախաձեռնության բովանդակությունը խեղաթյուրված էր ներկայացված»։

Հետազոտությունն իրականցել է ՕքսԵՋեն հիմնադրամը, հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ասում է՝ այն նախադեպային է, առաջին անգամ են լրագրողաան նյութերը քննարկվել գենդերային ապատեղեկատվության տեսանկյունից․

«Շուրջ 99 հազար 500 էդպիսի նյութեր են դիտարկվել, որպեսզի պարզենք՝ ապատեղեկատվությո՞ւն է, կարծրատի՞պ, թե՞ այլ բան։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա միտումնավոր ուղղորդված գենդերային ապատեղեկատվություն»։

Գենդերային ապատեղեկատվությունը կարծրատիպերի ուղղորդված օգտագործումն է հատուկ նպատակներով, օրինակ անձի բարի համբավը, մասնագիտական կարողությունները կասկածի տակ դնելու համար։ Մեդիամասնագետ Լիլիթ Հովհաննիսյանն ասում է՝ մշտադիտարկման նախնական փուլից հետո պարզվել է, որ 4 լրատվամիջոցում՝ Հանրային հեռուստաընկերությունում, Հանրային ռադիոյում, 5-րդ ալիքում և 24 news-ում այդ ամիսներին ապատեղեկատվություն չի տարածվել, թիմը որոշել է դրանք չներառել ուսումնասիրության հաջորդ փուլերում։ Հովհաննիսյանի խոսքով՝ մասնագետներին հետաքրքրել է ոչ միայն ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների ցանկը, այլև թե ովքեր մանիպուլատիվ հոդվածների հետևում։

 «Օրինակ «Հրապարակ»-ում երբ 60 ապատեղեկատվություն ենք բացահայտել, 45-ի հեղինակը եղել է լրագրող, այսինքն՝ լրագրողներն են տարածել, որոշ դեպքերում չէինք կարող իմանալ, անհայտ է հեղինակը, եթե գենդերային համամասնությունը ներկայացնենք՝ լրագրող և քաղաքական գործիչ, ապա 11 իգական և 22 արական հեղինակ է եղել, Cicic.am-ը օրինակ, հակառակը թիրախավորել է ընդդիմադիրներին, այս պարագայում 24 քաղաքական գործիչ է տարածել, ավագանու անդամներից են տարածել»։

Լրագրողներն այնուամենայնիվ մոլորեցնող բովանդակություններից առնվազն կեսի հեղինակներն են, հետազոտողները մի քանի առաջարկներ են արել լրատվամիջոցներին՝ գենդերային թեմաներին ավելի պրոֆեսիոնալ ու համակողմանի անդրադառնալու համար։ 

Back to top button