ՌԴ-ն պատրաստ է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը․ ՌԴ փոխվարչապետը Երևանում է
Երեկվանից Երևանում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը։ Ալեքսեյ Օվերչուկը նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է։ Ռուսաստանի փոխվարչապետը մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ ՌԴ փոխվարչապետն այսօր մայիսյան ջրհեղեղից հետո վերականգնված երկաթուղով մեկնել է տուժած Ալավերդի, այնտեղ պատասխանել է լրագրողների հարցերին:
Ռուսաստանը պատրաստ է միանալ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից՝ Հայաստանում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստսանի փոխվարչապետը հստակեցրել է, որ ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների շրջանակում։
Նույն խնդրի մասին սեպտեմբերի 11-ին խորհրդարանում խոսել էր նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներն ապաշրջափակել՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ շեշտելով, որ այն չի ենթադրում ինքնիշխանության զիջում: Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մեկնաբանության տարբերությունն այն է, որ ՌԴ-ն ակնկալում է վերահսկել Ադրբեջանից Նախիջևան տանող Հայաստանի հատվածը, մինչդեռ վարչապետ Փաշինյանը հայտարարության ձևակերպումները մեկնաբանում է որպես ուղղակի մոնիտոինգ, որտեղից էլ առաջացել է ճանապարհի վերահսկողությունը երրորդ կողմին՝ մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու առաջարկը։ Հայկական կողմը հստակեցնում է՝ սահմանապահները և մյուս ծառայողները Հայաստանինն են։ Առաջարկի էությունն այլ է, որը սեպտեմբերի 9–ին պարզաբանել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։ Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ»։
Սա արդեն «Խաղաղության պայմանագրից» դուրս քննարկվող թեմա է, որովհետև օգոստոսին հայտնի դարձավ, որ ապաշրջափակման մասին կետը հանվել է բանակցվող հայ-ադրբեջանական խաղաղության հայաձայնագրից:
Երկուստեք կարևոր հարցերը ՌԴ փոխվարչապետի հետ արդեն քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տարածաշրջանային ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մհեր Գրիգորյանը։ Հայաստան–Ռուսաստան սրված հարաբերությունների ֆոնին Օվերչուկը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են բազմաթիվ հարցեր՝ այդ թվում ապագային միտված, իսկ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ։
Հայաստանյան հանդիպումներից Օվերչուկը ընդհանուր առմամբ գոհ է։
Սրված հարաբերությունների առումով Ռուսաստանի փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում, իրականությունն այլ է։
Ուշագրավ է, որ հայաստանյան այցի նախօրեին պատվիրակության կազմում ընդգրկված Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այդ հանդիպման ընթացքում դիվանագետները խոսել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների, ինչպես նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի մասին։
Բացի աշխատասենյակային հանդիպումներից՝ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է նաև Լոռու մարզ՝ «Հարավկովկասյան երկաթուղու»՝ ջրհեղեղից տուժած հատվածներ։
Մայիսի 25–ի երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ էին վնասվել, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարան, մի շարք ենթակայաններ խափանվել էին, լրջորեն վնասվել էր երկաթուղային տեխնիկան:
Ախթալայում երկաթուղային գիծը ավերվել էր 6 հատվածում։ Այդ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։ 800 միլիոն դրամ է ծախսվել վերականգնողական աշխատանքների համար։