Պատերազմից հետո Բերձորում ամուսնացած առաջին զույգը նրա ծնողներն էին։ Երիտասարդ վերաբնակիչները որոշել էին շենացնել Բերձորը։ Չորս զավակ ունեցան, կրտսերը Գայան էր, որը ծնվեց 2004 թվականին։ Վեց տարեկան էր, երբ կորցրեց հայրիկին, տասնվեցում կորցրեց Բերձորը, որտեղից բերեց մանկության ու հատկապես հայրիկի հետ կապված ամենաջերմ հիշողությունները։ «2020-ի հոկտեմբերին, երբ դուրս էինք գալիս Բերձորից, ընդամենը մի քանի իր ու հագուստ վերցրինք մեզ հետ՝ մտածելով, որ մի քանի օրից վերադառնալու ենք, ու ես երբեք հրաժեշտի հայացքով չեմ նայել Բերձորին, նույնիսկ չեմ արտասվել։ Նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Բերձորի բնակիչներին հստակ ժամանակ տրվեց տան իրերը դուրս հանելու։ Իրերից զատ հորս գերեզմանն էլ բերեցինք մեզ հետ»,-պատմում է Գայան։
Այսօր ապրում են Երևանում, Գայան սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի երրորդ կուրսում։ Ունի տպագրված գիրք՝ «Երբ որոտաց պատերազմը», որտեղ պատերազմի «հետքերն» են տասնվեց տարեկան աղջկա հոգում վավերացված։