Կենտրոնական Եվրոպայի երկրներում պատրաստվում են հանգստյան օրերին սպասվող հորդառատ անձրևներին ու ջրհեղեղներին
Սեպտեմբերյան առաջին օրերի շոգից հետո Կենտրոնական Եվրոպայի երկրներում ջրհեղեղներ են կանխատեսվում։ Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Սլովակիայում և Հունգարիայում արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։
Չեխիայի իշխանությունները մետաղական պատնեշներ, պաշտպանիչ պատեր են կանգնեցրել ավազի պարկերից, ջուր է բաց թողնվել ամբարտակներից՝ ջրամբարներում ազատ տարածք ստեղծելու համար:
Բնակիչներին զգուշացվել է, որ պատրաստ լինեն հնարավոր տարհանմանը։
Հանգստյան օրերին նախատեսված որոշ հանրային միջոցառումներ իշխանությունների խնդրանքով չեղարկվել են, ներառյալ ֆուտբոլային հանդիպումները բարձրագույն երկու լիգաներում:
«Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարներին», — ասել է վարչապետ Պետր Ֆիալան կառավարության ճգնաժամային հարցերով կենտրոնական կոմիտեի նիստից հետո: «Մեզ ծանր շաբաթավերջ է սպասվում»:
Օդերեւութաբաններն ասում են, որ ցածր ճնշման դաշտը հյուսիսային Իտալիայից մեծ քանակությամբ տեղումնաբեր ամպեր կբերի Չեխիա, Ավստրիա, Գերմանիա և Լեհաստան:
Որոշ փորձագետներ հանգստյան օրերի կանխատեսումները համեմատել են տարածաշրջանում 1997 թվականի ավերիչ ջրհեղեղների հետ, որոնք ոմանք անվանում են դարի ջրհեղեղ:
27 տարի առաջ ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ 50-ը Արևելյան Չեխիայում, որտեղ մեծ հողատարածքներ ջրի տակ են հայտնվել:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնել է հարավ-արևմտյան Վրոցլավ քաղաք, որտեղ ջրհեղեղներ են կանխատեսվում։
Այնտեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին մթերել սննդամթերք և պատրաստվել էլեկտրաէներգիայի անջատումներին՝ լիցքավորելով էներգաբանկերը:
«Խուճապի մատնվելու պատճառ չկա, բայց լիարժեք մոբիլիզացվելու պատճառ կա»,- ասել է Տուսկը ։
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է երկրի տարածքում, ներառյալ Ալպերում, առատ տեղումների մասին:
Ալպյան Ավստրիան նույնպես պատրաստվում է հորդառատ անձրևների և մթնոլորտային ցուրտ ճակատի, որը ձյունը կբերի բարձրադիր գոտիներում:
Եղանակի փոփոխությունը տեղի է ունենում տարածաշրջանում սեպտեմբերի շոգ մեկնարկից հետո:
Գիտնականները գրանցել են Երկրի ամենաշոգ ամառը, որը գերազանցում է ընդամենը մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը: Իսկ ավելի տաք օդը, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, կարող է հանգեցնել ավելի ինտենսիվ անձրևների: