ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ճառագայթային բուժման համար արտասահման գնալու կարիք այլևս չկա․ «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ռադիոթերապիայի կենտրոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում Ռադիոթերապիայի կենտրոնի բացմանը։ Այն այսօրվանից հասանելի է բուժառուներին։ Ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ կառուցել է իր տեսակով եզակի ճառագայթային բուժման կենտրոն, որը համալրվել  է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային վերջին սերնդի սարքավորումներով:

Ճառագայթային թերապիայի նպատակով արտասահման մեկնելու կարիք մեր հայրենակիցներն այլևս չունեն։ «Էրեբունի» ռադիոթերապիայի նորաբաց կենտրոնի շնորհիվ Հայաստանն այսուհետ ինքն է պատրաստ ընդունել հիվանդների արտասահմանից։ Խորհրդային տարիներին կառուցված կիսաքանդ, լքված շենքը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարևանությամբ, այժմ եզակի կենտրոն է։ Ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կենտրոնն արդեն հասցրել է առաջին գրանցումները կատարել և առաջին բուժառուներին ընդունել՝ ասում է Ռադիոթերապիայի կենտրոնի տնօրեն Կոնստանտին Ղալումյանը։ Բարորակ և չարորակ նորագոյացություններով տառապող պացիենտներին այստեղ արմատական բուժում են խոստանում։

«Առաջին գրանցումներն ունենք, փորձնական  բուժումներ ենք արդեն իրականացնում, և բոլոր դեպքերում հաջող ընթացք ունենք։  Կարծում եմ՝ այդ հաջողությունը մեզ միշտ ուղեկցելու է՝ մեր բուժառուներին հասցնելով իրենց նպատակին՝ ամբողջական ապաքինման»։

Ղալումյանը հավաստիացնում է՝ հետազոտությունն ու բուժումը հասանելի են լինելու բուժառուների գրպանին։ Գնային քաղաքականությունը մշակելիս՝ հաշվի է առնվել Հայաստանում գործող ծառայությունների արժեքը։  

«Այս սարքը 2024 թվականի ամենավերջին սերնդի սարքավորում է։ Ճառագայթում է ամբողջ օրգան համակարգերը, մոնիթորների վրա գրանցվում են պացիենտների տվյալները, և այն, թե տվյալ պահին ինչ դոզաչափ է կատարվելու թերապիայի ընթացքում։ Կարծում եմ՝ ներդնելով այս ծառայությունները՝ մենք կարող ենք վստահաբար ասել, որ փակում ենք ուռուցքային բուժման հիվանդությունների ծառայությունները Հայաստանում ամբողջությամբ»։

Առաջին հարկում  իրականացվում է ճառագայթային բուժումը, երկրորդում իզոտոպային ախտորոշման ծառայությունն է։

Ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գոլուբը համոզված է՝ գերժամանակակից սարքավորումների և բուժանձնակազմի շնորհիվ Հայաստանի քաղաքացիներին ևս հասանելի կդառնա եվրոպական ստանդարտներին համապատասխան ճառագայթային բուժումը։

«Օնկոլոգիական հիվանդությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնել 3 հիմնական բուժումները՝ վիրահատական, դեղորայքային, ճառագայթային։ Հարկ է նշել, որ այս կենտրոնի բացումը Հայաստանի տարածքում հսկայական քայլ է հայաստանյան առողջապահության համար»։

Կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է առողջապահական համակարգի համար, և դրա ապացույցն էր նաև ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը կենտրոնի բացմանը։ Մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Ողջունելով ներկաներին՝ «Էրեբունի» հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը փաստեց, որ երկարատև աշխատանքն իր արդյունքը տվել է, և տարիների երազանքն արդեն իրողություն է։

«Հայաստանի ազգաբնակչությունը այլևս կարիք չունի գնալու արտասահման՝ ճառագայթային բուժում ստանալու։ Մեզ համար անընդունելի էր, երբ մեր հիվանդը գնում էր, Վրաստանում էր բուժումը ստանում։ Այլևս նման բան չի լինի։ Եվ այս ճառագայթային կենտրոնը կդառնա մեր ազգաբնակչության և մեր հիվանդների համար մեծ լուծում, և մենք կկարողանանք շատ կյանքեր փրկել»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է՝ եզակի սարքավորումներով հագեցած կենտրոնը մեծ ձեռքբերում է, որի միջոցով հիմնական ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան Հայաստանում։ Վստահ է՝ կենտրոնը մեծ պահանջարկ կվայելի նաև Հայաստանի սահմաններից դուրս։

«Շնորհավորում եմ նաև մեզ բոլորիս, որովհետև սա մի նոր խոսք է, և ուրախ եմ, որ կենտրոնը նաև համագործակցում է և համագործակցելու է Ֆանարջյանի անվան ազգային ինստիտուտի հետ, որովհետև իզոտոպների գնումը նաև պետական հիմնարկից է իրականացվում, որտեղ առաջիկայում ևս նմանատիպ կենտրոն կբացվի։

Պացիենտները կարող են վստահ լինել՝  իրենց կյանքն ու առողջությունը ապահով ձեռքերում են։ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի նպատակն է՝  նորագույն տեխնոլոգիաների և միջազգային հարուստ փորձի շնորհիվ հասնել Հայաստանում ճառագայթային բուժման նորագույն մեթոդների ներդրմանը՝ օգնելով օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներին ստանալ լիարժեք, ամբողջական և, ամենակարևորը, գրագետ բուժում` չփնտրելով այն օտար երկրներում։

Back to top button