Լռել, մինչև արդյունքի հասնելը. իրավապաշտպանները` հայ գերիների վերադարձի մասին
«Հայ գերիների վերադարձը և անհետ կորած հարյուրավոր տղաների ճակատագիրը լրջորեն վտանգված է: COP29-ից հետո Ադրբեջանը կարող է խոչընդոտել նրանց ազատ արձակմանը»,- ասում են «Համահայկական ճակատ» շարժման ու «Հայկանդուխդ ավանդապաշտ» կուսակցության անդամները։ Նրանք այսօր նամակներ են հանձնել Հայաստանում ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներին՝ պահանջելով, խնդրելով, կոչ անելով հրատապ միջամտել հայ գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների վերադարձին։ Նամակով նաև կոչ է արվում այն երկրներին, որոնք ԵԱՀԿ ՄԽ անդամ են, վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ երկրները կարող են ազդել, որ առաջընթաց գրանցվի վերոնշյալ հարցերում։
Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները կարող են ազդեցություն ունենալ, ճնշում գործադրել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը լուծվի «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։
«COP-29 մասնակից երկրները, այո կարող են անշուշտ քաղաքական ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի Արցախի ղեկավարությանը և մինչև նոյեմբերի 9 և դրանից հետո ձերբակալված անձանց։ Այո, կարող է և պետք է օգտագործել նաև այդ գործիքը։ Ադրբեջանը, եթե վերադարձրեց՝ ցույց կտա իր հավատարմությունը համերաշխությունը՝ հաշտություն կնքելու Հայաստանի հետ»։
Հայ գերիների վերադարձի ու COP-29 Ադրբեջանում անցկացնելու որոշումը վերանայելու կոչով «Համահայկական ճակատ» շարժումը և «Հայկանդուխդ ավանդապաշտ» կուսակցությունը գերիների ու անհետ կորածների ծնողների ու հարազատների հետ երթով այցելել են Հայաստանում ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ ու նամակներ հանձնել, կոչ անելով հրատապ միջամտել և պահանջել Բաքվից, որ հայ գերիներին ազատ արձակի։
«Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյան․
«ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ դեսպանատներին միաժամանակ ենք հանձնում հաշվի առնելով, որ այդ երկրները եղել են ՄԽ համանախագահող երկրներ և իրենք շատ ավելի լավ են տեղեկացված, թե ինչ իրավիճակ է եղել և թե ինչպես են արցախյան պատերազմում այդքան գերեվարվածներ, հարյուրավոր անհետ կորածներ այս օրերին պահվում Բաքվի բանտում։ Նույն Բաքուն ցեղասպանություն իրականացրեց արցախահայերի նկատմամբ և մենք լիահույս ենք, որ Ֆրանսիան որպես մարդու իրավունքների ջատագով, այս խնդիրը կբարձրացնի ԵՄ-ում և առաջիկայում վստահ եմ, որ կպահանջի Բաքվից մեր անհետ կորածների ու գերիների հարցի լուծում»։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով մտահոգ են ոչ միայն միջազգային նշանակության անձինք, այլև հայաստանյան քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է, որ աշխատանք տարվում է, սակայն աշխատանքը չպետք է լինի տեսանելի, մինչև արդյունքի հասնելը․
«Անում ենք աշխատանք, որի մասին չեմ կարող բարձրաձայնել։ Դետալներ, կառույցներ, համագործակցության թիրախները չեմ կարող ասել, ցավոք սրտի, քանի որ շատ արագ ադրբեջանական կողմը կարողանում է չեզոքացնել այն բոլոր պրոցեսները, որոնք մենք փորձում ենք սկսել։ Բոլոր գերիներին է դա վերաբերում, ներառյալ Արցախի ղեկավարությանը։
Հետևաբար այնպես չի, որ ոչ ոք ոչինչ չի անում։ Անշուշտ, ինչ-որ մի պահի դա տեսանելի է դառնալու , բայց մինչև մեր ցանկալի էտապին հասնելը դա չպետք է բարձրաձայնվի։ Այնպես չի, որ հ/կ աշխատանք չեն տանում»։
Երեք ամիս առաջ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին։ Մյուս գերիների մասով ևս այս տարի զեկուցվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խափանման միջոցները երկարաձգվեցին մի քանի անգամ, այդպիսով խախտվեց նաև միջազգային պրակտիկայում ընդունված չորսամսյա ժամկետը, որը սահմանված է խափանման միջոցների համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջերս հայտարարեց, որ արդեն գործերն ուղարկվել են դատարան, սակայն դեռ դատական գործընթացներ չեն սկսվում։
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նշում, որ Բաքվից արդար դատաքննություն չպետք է սպասել․
«Ադրբեջանը և «արդար դատաքննության իրավունք» եզրույթներն անհամատեղելի են Ադրբեջանի դեպքում։ Նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից շահած եվրոպական դատարանի վճիռները չեն կատարվում։ Ազգությամբ հայերը Ադրբեջանում խտրական վերաբերմունքի են ենթարկվում և շատ ավելի խորն են խախտվում նրանց իրավունքները, այդ թվում արդար դատաքննության իրավունքը։ Ուստի հղում անել թե դատավարություն է լինելու․․․ Ազգությամբ հայը շանս չունի Ադրբեջանում որևէ դատ շահելու։ Այնպես որ դրանք ձևական բաներ են և պետք է արագ վերադարձնել այդ անձանց»։
Մի քանի ամիս առաջ Ադրբեջանն անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեսագրությունների անոնսներ տարածեց, նշելով որ դրանք կհրապարակվեն, ինչը սակայն տեղի չունեցավ։
Միջազգային իրավունքի մասնագետները այդ ընթացքում հուշում էին, որ կարող է հարկադրանքի ներքո Ադրբեջանում պահվող գերիները աղմկահարույց հայտարարություններ անեն, և պետք է հայ հասարակությունը պատրաստ լինի ցանկացած հայտարարության, սակայն միջազգային ատյաններում, ըստ Արտակ Զեյնալյանի, անազատության մեջ գտնվող անձի հայտարարությունները իրավական ուժ չունեն և չեն կարող արժանահավատ լինել։