ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Պլասիդո Դոմինգոն մենահամերգ կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 99-րդ համերգաշրջանը բացում է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը, որը ֆիլհարմոնիկի հետ համագործակցում է որպես խորհրդատու ու մենեջեր։ Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին, փակումը նախատեսվում է հոկտեմբերի 30-ին:

Արդեն 16 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը բացում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնով: Այս անգամ փառատոնի կազմակերպման գեղարվեստական աշխատանքներին միացել է միջազգային մենեջեր Հարոլդ Քլաքսոնը:

«Հիանալի նվագախումբ է։ Մեծ պատիվ է օգնել նման նվագախմբին՝ հետագա ծրագրերի առումով։ Իսկ ամեն փառատոն ունի իր կոնցեպտը, որի շուրջ կառուցվում է ամբողջ  ծրագիրը։ Այս տարի մեր ուշադրության կենտրոնում են չեխ  կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Չեխիան Հայաստանի նման փոքր երկիր է, աշխարհին տվել է հայտնի կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողջ աշխարհում կատարվում է»։

Փառատոնին հրավիրված գրեթե բոլոր արտիստները աշխարհահռչակ երաժիշտներ են՝ լավագույն ջութակահարներից մինչև դիրիժորներ։ Փառատոնի աստղերից  է Պլասիդո Դոմինգոն, որը մենահամերգ կունենա Ֆիլհարմոնիկի հետ:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան․ «Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից՝ փառատոնի ընթացքում կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս›» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:  Ծրագրված են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ, տեղի կունենան նաև հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր»:

Հարոլդ Քլաքսոնն ասում է՝ մեծագույն հաճույքով է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հիանում է դասական երաժշտության հայկական ավանդույթներով, կարծում է, որ դրա մասին աշխարհում պետք է շատերն իմանան:

«Ցանկացած արտիստ, ով առաջին անգամ է գալիս Երևան և համագործակցում այս նվագախմբի հետ, հաճելիորեն զարմանում է վերջինի բարձր մակարդակով և երաժշտության նկատմամբ մոտեցմամբ: Ես մեծ ցանկություն ունեմ իմ փորձն ու կապերը ծառայեցնել արտասահմանում այս հրաշալի նվագախմբի ավելի մեծ ճանաչմանը»,- ասում է Հարոլդ Քլարքսոնը։

Ֆիլհամոնիկի 99-րդ համերգաշրջանը Երևանյան փառատոնով չի սահմանափակվի։ Սեպտեմբերի 19-23-ը նվագախումբը  հյուրախաղերով  մեկնելու է Սլովակիա և Ավստրիա: Սլովակիայում անվանի նվագախմբերի հետ մասնակցելու են ‹‹Բրատիսլավայի երաժշտական փառատոն››-ին, Ավստրիայում հանդես են գալու Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով։

«Ավստրիայի Կլագենֆուրտի Մյուզիքֆեռայնում, որը կարևորագույն դահլիճներից է, հանդես ենք գալու Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով, որտեղ կկատարենք Բրուքների 9-րդ սիմֆոնիան: Չափազանց պատվաբեր է հայկական նվագախմբի համար այն, որ ավստրիացիները մեզ են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը: Ինչպես գիտեք, Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են: Շատ ուրախ ենք և մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգներին››,- ասում է  Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնի  իրականացման աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Back to top button