«ՌեԱրմենիա»ն սփյուռքի հետ համագործակցության այն հարթակներից է, որն աշխատում է մի քանի ուղղությամբ։ Հաշվի առնելով սփյուռքի տարբերություններն ու
առանձնահատկությունները՝ «ՌեԱրմենիա»–ն մշակում է համագործակցության մոտեցումներ ու ռազմավարություն՝ երկկողմանի արդյունավետություն ապահովելու համար։
Ո՞ր ծրագրերն են սփյուռքի ու «ՌեԱրմենիա»–ի ուշադրության կենտրոնում և ինչպե՞ս է օգտագործվում սփյուռքի ներուժը։
«ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշում է․ «Հայության համագործակցության խնդիրը լուծելուն միտված հարթակ է։ Իսկ հայությունն առանց սփյուռքի չի կարելի դիտել, թեև ես երազանք ունեմ՝ հայությանը տեսնելու որպես մեկ միավոր։ Մենք ԱՄՆ-ում, այս տարվա սկզբում էլ Եվրոպայում եղանք, ներկայացրինք սփյուռքին այն բոլոր գործիքները, հնարավորությունները, որոնք կօգնեն ներգրավվել Հայաստանի զարգացման գործընթացին։ Պետք է նշեմ, որ այսօր սփյուռքի հետ աշխատանքն ու համագործակցությունը դժվարությամբ է ստացվում, ինչը պայմանավորված է վստահության պակասի հետ։ Արդեն երեք տարի գործող հարթակ ենք և մեր գործունեութունն այնքան պարզ է ու թափանցիկ, որ համոզմունքները փոխվել են և մեզ հետ համագործակցությունը վստահելի ու իրատեսական է դարձել»։