ԿարևորՀասարակություն

Մեծանում է գինու զբոսաշրջության նշանակությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն․ Գևորգ Պապոյան

Գինու զբոսաշրջությունը մեծացնում է իր նշանակությունը որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն՝ ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանն ասել է նախարար Գևորգ Պապոյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

«Գաղտնիք չէ, որ մենք բոլորս կանգնած ենք ավանդույթի և նորարարության խաչմերուկում, և մեր այսօրվա համաժողովը վկայում է, որ գինու զբոսաշրջությունը՝ միաձուլելով այս երկու ուղղությունները, մեծացնում է իր նշանակությունը, թե՛ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն, և թե՛ որպես կամուրջ, որը կապում է մշակույթները, խթանում է կայուն գործելակերպը և հարստացնում մեր փորձը:

Գինու զբոսաշրջությունն, անմիջական կապ ունենալով մեր երկրի բազմադարյա մշակույթի և պատմության հետ, միաժամանակ նպաստում է ներդրումների ներհոսքին, ենթակառուցվածքների զարգացմանը և, ինչու ոչ, նաև համաչափ տնտեսական զարգացմանը:

Հայաստանի կառավարության հանձնառությունն է ընդլայնել այս առավելությունները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, աջակցելով տեղական արտադրողներին և խթանելով կայուն գործելակերպերը, որոնք ապահովում են մեր գինեգործական շրջանների երկարակեցությունն ու կայուն զարգացումը», – նշել է նախարարը իր ողջույնի խոսքում:

Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ ստեղծելու համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ, որը հնարավորություն կտա կիսվելու լավագույն փորձով, մշակելու նոր գաղափարներ և ստեղծելու գինու զբոսաշրջության ավելի համահունչ ու դինամիկ փորձ:

Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր:

Back to top button