Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակով են մեկնարկել 2024 թվականի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում, որն այսօր բացվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մալթայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը:
Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը: