ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Չկա այնպիսի պայմանագիր, որը պատասխանում է բոլոր հարցերին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության պայմանագրի նախագիծը սկզբնական խմբագրումների փուլում ունեցել է 18 հոդված։ Երկրորդ և երրորդ խմբագրումից հետո պայմանագրի նախագծում մնացել է 17 հոդված։ Այժմ «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերնագիրը, նախաբանը և 13 հոդվածները վերջնական համաձայնեցված են, 3 հոդված մասնակի է  համաձայնեցված և չհամաձայնեցված ընդամենը մեկ հարց կա։ Այս պարզաբանումը խորհրդարանում արել է կառավարության ղեկավարը։ Պայմանագրի կետերին և խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանին ուղղված առաջարկներով և ստացված պատասխաններով, անդրադարձել են ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։

Հայաստանի վարչապետը տեսականորեն հավանական է համարում, որ Ադրբեջանի կեցվածքի պատճառով «Խաղաղության պայմանագիրը» երբեք չստորագրվի։

«Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որ պետք է արտահայտվեն, իսկ մեր հարցը հետևյալն է՝ եթե դրանք արտահայտենք, էլ չե՞ն լինելու կարևոր հարցեր։ Մենք դրանով ամբողջ ցանկը սպառելո՞ւ ենք, թե՞ չէ։ Աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Եթե նույնիսկ, 40, 50, 60, 80 հոդված ունենա այդ պայմանագիրը, միևնույն է, բոլոր կարևոր հարցերին պատասխան չի տալու։ Եթե կանխավարկածն այն լինի, որ չէ, բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ մենք երբեք չենք ստորագրի։ Որովհետև եթե ևս չորս կարևոր հարցի շուրջ գանք համաձայնության այդտեղ, միևնույն էլի կմնա չորս կարևոր հարց, որը դեռ կարիք կլինի համաձայնել։ Միշտ չորս հարց կլինի»։

Օրերս փաստաթղթի 10-րդ խմբագրությունը ադրբեջանական կողմին փոխանցելուց հետո պաշտոնական Բաքուն դժգոհեց, որ Հայաստանը փաստաթղթից դուրս է թողել կարևոր հարցերը։ Հայաստանի վարչապետը պարզաբանում է, որ իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «Խաղաղության պայմանագիրի» նախագիծը սկզբնական խմբագրումների փուլում ունեցել է 18 հոդված։ Երկրորդ և երրորդ խմբագրումներից հետո պայմանագրի նախագծում մնացել է 17 հոդված։ Այժմ «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերնագիրը, նախաբանը և 13 հոդվածը վերջնական համաձայնեցված են, 3 հոդված մասնակի է համաձայնեցված, մեկն առհասարակ համաձայնեցված չէ։

Վարչապետը հստակեցնում է, որ սխալ է տեղեկատվությունը, թե Երևանը Բաքվին 13 կետանոց «Խաղաղության պայմանագիր» է առաջարկում։

«Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց պայմանագիր, մենք առաջարկում ենք 16 հոդվածանոց պայմանագիր։ Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն ։ Երեք հոդվածի բովանդակությունը ի սկզբանեի համեմատ մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ։ Այսինքն՝ 13+3, այսինքն՝ 16 հոդվածով պայմանագիր»։

Թեև համաձայնեցված կետեր արդեն կան նաև սահմանազատման հարցով հանձնաժողովների կողմից ստորագրված Կանոնակարգում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է երկակի  հայտարարություններ անել, օրինակ, 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի առնչությամբ։

Այս փուլում, երբ այդ Կանոնակարգն արդեն ՍԴ նիստերի օրակարգում է, վարչապետ Փաշինյանը չի ցանկանում մեկնաբանել Ադրբեջանից հնչող նոր հայտարարությունները։

«Առավել ևս հիմա ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, որ մենք ուղղակի հայտարարությունների պետք է արձագանքենք։ Մենք պետք է հղվենք պաշտոնապես հայտարարված հաղորդագրությունների վրա։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածել են հայտարարություն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դառնում է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և կողմերը սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն դրանով»։

Ընդդիմադիրների որոշ հարցերի մեկնաբանությունը նույնպես պատեհ չհամարեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մասնավորապես անպատասխան մնաց պաշտոնական ձևակերպումների մասին Արթուր Խաչատրյանի հարցը։

«Մայիսի 15–ին հայտարարում եք, որ Բաղանիս, Այրում և մյուս գյուղերի բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն–նկարագրությունը կազմել եք։ Հինգ օր հետո Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նշված չորս գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է, մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը։ Նախնականի և վերջնականի միջև ինչքա՞ն ժամանակ եք նախատեսում, եթե դա նախնական էր ի՞նչ իմաստ ուներ տանել այնտեղ ոչ միայն սյուներ, այլ նաև մի մասը բետանից, մի մասը երկաթից պատ կառուցել։

«Կանոնակարգի 5–րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բոլոր արձանագրություն–նկարագրությունները վերջում դառնալու են մեկ արձանագրություն–նկարագրություն և «Պետական սահմանի մասին» կնքվելիք պայմանագրի անբաժանելի մաս։ Եթե դուք ուզում եք հարցի իրավական բաղադրիչի մասին խոսել, ես հիմա մեկնաբանություններ չէի ուզի տալ, որովհետև հարցը ՍԴ–ում է և, կարծում եմ, գնահատականը բոլորիս հասանելի կլինի»,-պատասխանեց Մհեր Գրիգորյանը ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ օգոստոսի 30–ին ստորագրված Կանոնակարգի քննարկման օրը ՍԴ–ում արդեն հայտնի է։ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը կքննարկվի սեպտեմբերի 24–ին։

Back to top button